Հուսամ՝ այս երգը կդառնա ակումբասերների սիրելի կատարումներից. Մաշա Մնջոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հուսամ՝ այս երգը կդառնա ակումբասերների սիրելի կատարումներից. Մաշա Մնջոյան. life.panorama.am

Երգչուհի Մաշա Մնջոյանը ներկայացրել է իր նոր՝ «Fire» տեսահոլովակը, որի ստեղծման մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:

Մեզ հետ զրույցում Մաշան նշեց, որ երգը ստեղծվել է պատահական և ընդամենը մի քանի րոպեում:

«Իրականումն, այս երգը շատ անսպասելի ստեղծվեց. Նիկի հետ նստած այլ երգի շուրջ էինք աշխատում, մեկ էլ հանկարծ ասաց՝ «Մաշ, արի քեզ համար մի երգ գրեմ», և ընդամնեը րոպեներ անց երաժշտությունն արդեն պատրաստ էր: Հենց սկզբից այն ինձ դուր եկավ, երգը շատ աշխույժ էր, նման չէր մինչ այս կատարածս երգերն, թեև նմանատիպ ոճի երգեր բենդով ակումբային համերգների ժամանակ շատ եմ երգել և մեր մշտական լսարանը սովոր է ինձնից այդ ոճը լսել»,- պատմեց երգչուհին:

«Fire» երգի խոսքերի հեղինակը Նիկ Եգիբյանն ու Հարութ Ավենյանն են: Երգի մի մասը անգլերեն է, մյուս մասը՝ հայերեն:

«Ես սիրում եմ անգլերեն երգել, ըստ իս՝ ամենահասարակ բառերով անգլերեն երգը շատ ճոխ ու գեղեցիկ է հնչում, բայց քանի որ ես ապրում եմ Հայաստանում, որոշեցի, որ երգի մի մասը պարտադիր հայերեն պետք է լինի: Արդյունքում անգլերեն հատվածը գրեց Հարութը, հայերեն հատվածը՝ Նիկը»,- ավելացրեց նա:

Մաշա Մնջոյանի խոսքով՝ երգը երկու օր է, ինչ հասանելի է, սակայն արդեն իսկ արձագանքները շատ են:

«Ոմանք կարծում են, որ ես միևնույն է իմ ոճից չպետք է շեղվեմ և միշտ իմ հզոր երգերի նման երգեր կատարեմ, բայց շատ շատերն էլ ողջունում են այս ոճը ևս ու ինձ ոգևերում: Գիտեք, ասում են, երբ երգիչը իր կատարած աշխատանքից  հետո այլևս չի ուզում լսել կամ տեսնել իր երգն ու տեսահոլովակը, ուրեմն կատարված աշխատանքը տապալված է, իսկ հակառակ դեպքում՝ ուրեմն ամեն ինչ ճիշտ է արված: Հիմա ես ամբողջ օրը ուզում եմ լսել այս երգը, դիտել տեսահոլավակս և ամեն անգամ ինձ այն ավելի է դուր գալիս, այդ իսկ պատճառով համարում եմ, որ ճիշտ տեղում եմ: Հուսամ՝ այս երգը կդառնա ակումբասերների սիրելի կատարումներից, և այն դրական էներգիան, որ ես եմ զգում, կփոխանցվի բոլոր լսողներին»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով տեսահոլովակին՝ Մաշան նշեց.

«Տեսահոլովակս վստահեցի երգիչ և լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանին, ով նաև իմ շատ լավ ընկերն է: Հիմա նա ծառայում է հայոց բանակում և պետք է ասեմ, որ նրա կարիքը շատ եմ զգում ու շատ եմ կարոտում: Ռոբերտն ունի յուրօրինակ ճաշակ, այդ պատճառով խնդրեցի առանց սյուժեի, պարզապես սիրուն կադրերով տեսահոլովակ նկարահանել և անցանք գործի: Սակայն տեսահոլովակի մի մասը նկարելուց հետո, Ռոբերտը գնաց բանակ, ու արդյունքում տեսահոլովակի մյուս մասը նկարեց Ժոկան (George.Alexanian.West), ով նաև մոնտաժային աշխատանքները կատարեց»:

Մաշան տեսահոլովակում մի քանի կերպարներով է հանդես գալիս: 3:20 րոպեում երգչուհին ներկայացրել է Վահան Խաչատրյանի հավաքածուի հագուստների զգալի մասը:

«Այս աշխատանքն ամբողջությամբ ընկերական մթնոլորտում է ստեղծվել: Բոլորն, ովքեր աշխատել են այս տեսահոլովակի վրա, իմ ընկերներն են: Դիմահարդարումն էլ կատարել է Սյուզաննա Աղաբեկյանը, իսկ վարսահարդարումը՝ հորաքույրս՝ Աննա Մնջոյանը»,- հավելեց նա:

Առաջիկա աշխատանքների մասին Մաշա Մնջոյանը չցանկացավ նախապես խոսել՝ պատճառաբանելով, որ ծրագրերն անընդհատ հետաձգվում են, ուստի ավելի ճիշտ է դրանց մասին խոսել արդեն իրականությունից հետո:

life.panorama.am



Նման նյութեր