Մեծ պատասխանատվություն է լինել նման լեգենդի թոռ, ուր մնաց գործել մի բնագավառում, որտեղ պապդ լավագույներից մեկն է եղել. Խորեն Աբրահամյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մեծ պատասխանատվություն է լինել նման լեգենդի թոռ, ուր մնաց գործել մի բնագավառում, որտեղ պապդ լավագույներից մեկն է եղել. Խորեն Աբրահամյան. life.panorama.am

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Փողոցի շները» 16 մասից բաղկացած ֆիլմաշարը, որի գլխավոր հերոսներն են ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի երկու թոռները՝ Խորեն Լևոնյանը և Խորեն Աբրահամյան կրտսերը: Վերջինս բացահայտում է հայ լսարանի համար, քանի որ մինչ այս մարդիկ Խորեն Աբրահամյանի միայն երկու թոռներին էին որպես դերասան ճանաչում:

Life.panorama.am-ն այսօր զրուցել է Խորեն Աբրահամյան կրտսերի հետ ու հետաքրքիր բացահայտումներ արել նրա մասին:

«Իրականում, մինչ այս նախագիծը առիթներ ունեցել եմ նկարահանվելու, բայց որպես գլխավոր կերպար՝ սա իմ առաջին փորձն է: Ես Անգլիայում էի, երբ առաջարկ ստացա քասթինգին մասնակցելու: Պետք է ընդգծեմ, որ քասթինգի միջոցով ընտրվելուց հետո է ստեղծագործական թիմը պարզել, որ Խորեն Աբրահամյանի որդու տղան եմ, անգամ ես ու եղբայրս՝ Խորեն Լևոնյանն ենք ընտրվելուց հետո տեղեկացել, որ միասին ենք խաղալու»,- պատմեց Խորենն ու շարունակեց.

«Սա հետաքրքիր ֆիլմաշար է, որը պետք է, որ մեծ լսարան ունենա: Ինքս ամեն ինչ արել եմ, որպեսզի լավ արդյունք գրանցեմ: Ի դեպ՝ ուզում եմ նշել, որ ռեժիսոր Դանիել Հարությունյանը իսկապես շատ տաղանդավոր է և իր գործին գիտակ, վստահ եմ՝ նա մեծ ապագա է ունենալու, և հենց նրա տաղանդը տեսնելով՝ ես որոշեցի համաձայնել ու նկարահանվել: Նախագիծը մեզ լավ ընկերներ դարձրեց, ինչի համար շատ ուրախ եմ»:

Երկու եղբայրները մեկ տեղում՝ հարցին, թե դա բարդ էր արդյոք, պատասխանեց.

«Բնավ բարդ չէր: Մենք շատ մտերիմ եղբայրներ ենք, միասին մենք ավելի ուժեղ ենք: Ի դեպ՝ ես ու Խորեն Լևոնյանը միասին դեռ շատ ծրագրեր ունենք, և ասեմ, որ որտեղ երկու Խորիկ կան, ուրեմն վտանգավոր մի բան է սպասվում»:

Խորեն Աբրահամյան կրտսերը վստահ է՝ մարդիկ իրեն ավելի խիստ են գնահատելու, քանի որ նման հայտնի ու տաղանդավոր պապի թոռից սպասելիքները մեծ են լինելու: Բայց նա նաև նշեց, որ ոչ մի դեպքում պապի անունից ու ճանաչումից չի օգտվել:

«Մեծ պատասխանատվություն է լինել նման լեգենդի թոռ, ուր մնաց գործել մի բնագավառում, որտեղ պապդ լավագույներից մեկն է եղել: Մեզ դեռ փոքրուց տանը սովորեցրել են՝ մեր ամեն վարմունքի ու քայլի մեջ զգույշ ու մտածված լինել, քանի որ մենք էլ ենք պապի շնոհիվ՝ օրինակ մյուսների համար: Մեզ երբեք էլ ամեն ինչ կարելի չի եղել, մենք միշտ սովորել ենք արժանի լինել մեր անվանը»,- հավելեց նա:

Խորեն Աբրահամյան կրտսերը պապի մահից հետո որոշել է  շարունակել նրա գործը «Խորեն Աբրահամյանի անվան հիմնադրամում»: Նա հիմնադրամի տնօրենն է և փորձում է Հայաստանում և արտերկրում զարգացնել ու տարածել հայկական մշակույթը:

Խորենը մասնագիտությամբ դերասան չէ, բայց դա իրեն չի մտահոգում և վստահեցնում է՝ դիպլոմը միշտ չէ, որ կարևոր է:

«Իհարկե, համապատասխան դպրոց անցնելը պարտադիր է, բայց Հոլիվուդում դերասանական աստղաբույլի մեծ մասը դերասանական կրթություն չունեն: Կարծում եմ՝ կարևորը ներքին շնորհն է, տաղանդը: Ես այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որ իմ մեջ պարզապես չէր կարող չզարգանալ այդ մշակույթը, ես ուղղակի չէի կարող չվարակվել այս արվեստով: Վերջին տարիներին ես մեծամասամբ զբաղված եմ եղել հիմնադրամով, բայց «Փողոցի շները» ֆիլմից հետո որոշում եմ կայացրել այս ոլորտում ավելի շատ գործել, ի դեպ՝ ապագայի հետ կապված արդեն շատ ծրագրեր ունեմ, ավելին ասեմ՝ ես ու Խորեն Լևոնյանը մտադրություն ունենք առաջիկայում զբաղվել նաև կինոարտադրությամբ»,- նկատեց նա:

Ի դեպ՝ Life.panorama.am-ին հայտնի է դարձել, որ «Փողոցի շները» ֆիլմից հետո Խորեն Աբրահամյանի և Ֆրանսիայից հրավիրված մոդել-դերասանուհի Դիան Սանդսի միջև սիրավեպ է սկսվել, ընդ որում՝ նույն կերպ, ինչ հեռուստանովելում: Հարցին, թե լուրն իսկությանը համապատասխանո՞ւմ է, Խորենը ժպտաց, ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց, միայն հիշեց պապի խոսքերը.

«Մի անգամ պապիս հարցրել են, թե նա ինչպես է կարողացել և այդքան շրջել է աշխարհով մեկ, շփվել տարբեր դերասանուհիների հետ, և իր կնոջ հետ համերաշխ լինել, նա պատասխանել է՝ «Իսկական տղամարդը նա է, ով կարողանում է իր զգացմունքները զսպել»,- զրույցը ավարտեց Խորեն Աբահամյան կրտսերը:

life.panorama.am



Նման նյութեր