Արդեն հայտնի է, որ դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը շուտով կսկսի իր նոր՝ «Չերգված անցյալը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, հայ և թուրք աղջիկների ընկերությունն ու Համիդյան ջարդերի ժամանակահատվածը։
Ֆիլմի կենտրոնական կերպարներին կմարմնավորեն Սամվել Թադևոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Արևիկ Գևորգյանը և Տաթև Հովակիմյանը: Վերջինս Life.panorama.am-ի զրուցակիցն է և պատմել է ոչ միայն այս ֆիլմի, այլև իր աշնանային ծրագրերի մասին:
««Չերգված անցյալը» ֆիլմում ներգրավվածությունս հաստատվել է համապատասխան քասթինգն անցնելուց հետո: Անշուշտ ուրախացա, երբ ընտրվեցի, քանի որ ունեի մեծ վստահություն, որ ռեժիսոր Արման Նշանյանը և երկրորդ ռեժիսոր Վարդան Հակոբյանը հաստատ բարձր մակարդակի աշխատանքն են ստեղծելու: Հենց սկզբից ինձ գրավել է թիմը, որտեղ բոլորը բավականին պրոֆեսիոնալ են իրենց գործում: Այստեղ հավաքված է հրաշալի դերասանական կազմ, ինչը ևս հաջող աշխատանքի մասին է հուշում»,- նշեց Տաթևն ու շարունակեց.
«Այս աշխատանքում ինձ գրավեց նաև սցենարը, որին դեռևս հպանցիկ եմ ծանոթ, բայց շատ տպավորված եմ: Ֆիլմը Կոմիտասի կյանքի մասին է, որտեղ ընդգծված ներկայացվելու է հայ ու թուրք աղջիկների և Կոմիտասի ընկերությունը: Իհարկե, երբեմն բացառություններ լինում են, բայց մեծամասամբ ինձ համար ավելի տպավորիչ են պատերազմների մասին այն ֆիլմերը, որոնք առանց ջարդի տեսարանների են, որոնցում նկարագրվում են նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանները: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի և նկարահանումները, և արդեն պատրաստի ֆիլմը»:
Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին նշեց.
«Այս ֆիլմում հայ աղջկա կերպարն եմ ներկայացնելու: Ասեմ, որ կան մեր հերոսների մանկության տեսարաններ, որոնք մարմնավորելու են երեխաներ: Նրանք արդեն ընտրված են և վստահ կարող եմ ասել, որ դիտողների համար այդ երեխաները բացահայտում են լինելու»:
«Չերգված անցյալը» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին:
Անդրադառնալով Տաթև Հովակիմյանի այլ աշխատանքներին՝ դերասանուհին ներկայացրեց:
«Այս աշունն ինձ համար շատ ակտիվ է: Պատրաստվում եմ նոր ներկայացումների. Տիկնիկային թատրոնում շուտով կներկայացնենք ֆրանսուհի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» ներկայացումը, որի ռեժիսորն է Սաթե Խաչատրյանը: Այստեղ խաղում եմ Նարինե Գրիգորյանի, Սերգեյ Թովմասյանի և Արթուր Մանուկյանի հետ: Այս ներկայացումը կհանձնենք հոկտեմբերին: Դրան զուգահեռ՝ այժմ աշխատում եմ նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվելիք «Ետ նայիր զայրացած» ներկայացման վրա, որի հեղինակն է Ջոն Օսբորնը, և այն այստեղ կյանքի է կոչում ռեժիսոր Իշխան Ղարիբյանը: Այստեղ խաղում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնի երկու երիտասարդ դերասանների և Արևիկ Գևորգյանի հետ»:
Տաթևը նկատեց նաև, որ այս պահին հեռուստատեսային շատ նախագծերից հրավերներ ունի, սակայն դեռևս չի ստացել իր համար հետաքրքիր սցենարով առաջարկ, որը թույլ կտա համաձայնել: