Երևանում պետք է մերժվածներ չլինեն. Արտակ Զեյնալյանը՝ ՀՀԿ-ի աջակցության հնարավորության մասին
Advertisement 1000 x 90

Երևանում պետք է մերժվածներ չլինեն. Արտակ Զեյնալյանը՝ ՀՀԿ-ի աջակցության հնարավորության մասին

Երևանում պետք է մերժվածներ չլինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ի աջակցության հնարավորության մասին հարցին:

«Երևանում պետք է մերժվածներ չլինեն: Յուրաքանչյուրը, ով ունի ընտրական իրավունք, իրավունք ունի նաև որոշում կայացնելու, թե ում օգտին տա իր քվեն: Մենք իրականացրել ենք հեղափոխություն նաև մարդկանց հոգիներում, այն սիրո, հանդուրժողականության հեղափոխություն է, և մենք չենք տարբերակելու ոչ մեկին: Մենք չպետք է մերժենք որևէ մեկին, անկախ նրանից, թե նրանք որքան ընտրազանգված ունեն»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Այնուամենայնիվ, Զեյնալյանի կարծիքով, ՀՀԿ-ն միասնական որոշում չի կայացնի և որևէ մեկին չի սատարի Երևանի ավագանու ընտրություններում:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հայտնեց նաև, որ նախընտրական ծրագրի աշխատանքները գրեթե ավարտին են հասցվել: Վերջին շրջանում դաշինքի անդամները հանդիպումներ են ունենում մայրաքաղաքի համայնքների բնակիչների հետ, արձանագրում են խնդիրներ, որոնք տեղ են գտնելու ծրագրում և, Արտակ Զեյնալյանի հավաստմամբ, իրականացնելու են:

«Ծրագրային դրույթները կարող են կրկնվել բոլոր ուժերի մոտ: Ամենակարևոր ուղերձը, որ մենք ուզում ենք հղել Երևանին, այն է, որ ուզում ենք մայրաքաղաքը միավորել, դարձնել համայնք, որպեսզի երևանցին, իրացնելով տեղական ինքնակառավարում իրականացնելու իր իրավունքը, նաև մեծ պատասխանատվություն ունենա, որպեսզի իրականացնի իր երազանքը»,- ասաց նա:

Հարցին, թե որ պաշտոնն է ավելի հոգեհարազատ՝ արդարադատության նախարարի, թե՞ քաղաքապետի, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ե՛վ արդարադատության նախարարի պաշտոնը, և՛ Երևանի քաղաքապետի պաշտոնը հանրային ծառայություններ են: Երևանցին ինչպես որոշի, ես այնտեղ կծառայեմ: Ես պատրաստ եմ ստանձնել Երևանը կառավարելու, երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը»:

news.am



Նման նյութեր