«Ինձ երբեմն թվում է՝ Դուք դվայնիկ ունեք». Աշոտյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ինձ երբեմն թվում է՝ Դուք դվայնիկ ունեք». Աշոտյանը՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, ուզում եմ ֆիքսեմ, որ այսօրվա Ձեր կեցվածքից, կերպից, խոսքից, հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Տպավորված եմ: Ինձ երբեմն թվում է՝ Դուք դվայնիկ ունեք, այնքան մեծ է տարբերությունն այնքան կերպերի, որ տեսնում ենք: Այս կերպը լավն է»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա նշեց, որ հարց է ուղղել վարչապետին, թե օգոստոսի 17-ի հանրահավաքում Փաշինյանի հայտարարությունը հող հանձնելու մասին, բանակցային գործընթացի ո՞ր փուլին, ո՞ր տարեթվին են առնչվում այդ փաստաթղթերը, և ստացված պատասխանում նշվում է, թե կարգավիճակից ելնելով և բանակցային գործընթացի շահերից ելնելով չի կարող բացահայտել ԼՂ հարցի կարգավորման շուրջ մինչ օրս տեղի ունեցած բանակցային գործընթացի ողջ բովանդակությունը, միաժամանակ հորդոր է եղել՝ դիմել Սերժ Սարգսյանին: Ա.Աշոտյանը հետևել է հորդորին: Ըստ նրա՝ Ս.Սարգսյանի օրոք ԼՂ բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂ կարգավիճակը և անվտանգային միջավայրը:

«Վերջը, պարո՛ն վարչապետ, ո՞ր հայտարարությունների, ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, երբ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»,- հարցադրումը կրկնեց Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ ԼՂ հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը. «Եվ դուք դա գիտեք: Եվ վերջին տարիներին, ինչքան մենք մոտեցել ենք 2018թ-ին, ԼՂ կարգավիճակի հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել: Եվ ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ  Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Ես սա Ձեզ ասում եմ պաշտոնապես»:

Նա հավելեց, որ չի ասում, որ այդ տարբերակն ընդունվել և ստորագրվել է, բայց ասում է, որ առաջին շփումների ժամանակ ասել է ու ասում է, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, հարցի լուծում հնարավոր չէ:

«Ինչ վերաբերում է իմ ոճին, ես սովորեմ լինել համարժեք: Կարծում եմ՝ նախկինում էլ այս դահլիճում Դուք ինձ տեսել եք տարբեր ոճերի մեջ՝ շատ լայն դիապազոնով: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է, և ես հույս ունեմ, որ Դուք նկատել եք»,- հավելեց Ն.Փաշինյանը:

Ա.Աշոտյանը նշեց, որ եռանախագահների ներկայացրած փաստաթղթում նշվում է Արցախի կարգավիճակը և այն միակ պաշտոնական փաստաթուղթն է, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, և այդ տարբերակն է ժառանգություն թողնվել Փաշինյանին: Նա հորդորեց, որ եթե Փաշինյանը պնդում է այլ բան, հրապարակի այդ փաստաթուղթը: Աշոտյանը նաև հարցադրում արեց, թե եթե, ըստ Փաշինյանի, նման պարտվողական փաստաթուղթ է եղել, ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնել դրան:

«Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև վախենում եմ, թե ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիքն  ունենաք»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ եթե Աշոտյանն ունի իր հարցի պատասխանը, ինչո՞ւ է հարց տալիս վարչապետին, իսկ եթե հարց է տալիս, ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պատասխանը պետք է բարի լինի ընդունել ի գիտություն. «Ինչ վերաբերում է ամբողջական հրապարակումներին, ապա կգա նաև դրա ժամանակը: Կներեք, թող ես որոշեմ երբ է այդ ժամանակը և ես կորոշեմ»:



Նման նյութեր