Ուրուգվայահայ ձյուդոյիստ Միքայել Աբրահամյանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 20-28-ը տեղի ունենալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը:
«Ես ունեմ պաշտոնական հրավեր որպես Ուրուգվայի քաղաքացի և մարզիկ: Ինձ խոստացան վիզա տրամադրել օդանավակայանում, ունեմ Ուրուգվայի և Ֆրանսիայի անձնագրեր»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Աբրահամյանը՝ ավելացնելով, թե տեղյակ է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնելու Բաքու:
Միքայել Աբրահամյանը պատրաստվում է Վալենսիայում: Ուրուգվայահայ մարզիկը աշխարհի առաջնությանը մասնակցելու է 81 կիլոգրամ քաշային կարգում՝ նպատակ ունենալով միավորներ հավաքել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ երկրի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել հայկական պատվիրակությանը:
azatutyun.am