«Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 14-ին հասել է ԱՄՆ-ի արևելյան ափ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:
«Ֆլորենս» փոթորկի Էպիկենտրոնը հայտնվել է Հյուսիսային Կարոլինայի Ռայթսվիլ Բիչ քաղաքում»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրա տեղեկատվությամբ՝ քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում է ժամում 150 կիլոմետրի:
Լույս սեպտեմբերի 14-ի գիշերը «Ֆլորենս»-ը թուլացել է մինչև առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգ կատեգորիայից բաղկացած սանդղակի: Մինչդեռ օդերևութաբանները նշում են, որ այն մինչ այժմ էլ լուրջ վտանգ է ներկայացնում: Սպասվում է, որ տարերքի հիմնական հարվածը բաժին կհասնի ԱՄՆ-ի երեք նահանգների՝ Հյուսիսային Կարոլինային, Հարավային Կարոլինային և Վիրջինիային:
Այս երեք նահանգների իշխանություններն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել:
Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կարոլինայում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք հանգեցրել են հեղեղումների: Տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրականությունից: