Թբիլիսիում Հավլաբարին հարող տարածքում հայատառ տապանաքարեր են հանվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում Հավլաբարին հարող տարածքում հայատառ տապանաքարեր են հանվել

Թբիլիսիի  Հավլաբար թաղամասին հարող՝ Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել, հաղորդում է Aliq.ge-ն:

Դրանք հիմնականում մայթերում էին օգտագործվել՝ որպես բռնակներ: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող՝ Black Sea Group շինարարական ընկերությունը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել,  դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն ասում է, որ սրանք Խոջիվանքի տապանաքարերն են, որոնք 30-ական թվականներին Բերիայի հրամանով պանթեոնից հանվել և օգտագործվել են որպես շինանյութ. «30-ական թվականներին կազմվեց Թբիլիսիի վերանորոգման գենպլանը, այդ ժամանակ այդ պլանին զոհ գնացին նաև մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ ժամանակ  ճարտարապետները քաղաքի զարգմացման մեջ չէին տեսնում նաև Խոջիվանքի պանթեոնը: Պանթեոնի տեղում կառուցվեց Բարեկամության այգին, որ գործեց մինչև 1991 թվականը: Ոչնչացված պանթեոնի տապանաքարերն օգտագործվեցին որպես շինանյութ: Քարերը տեսակավորվում էին ըստ որակի՝ բազալտն առանձին,  օգտագործվում էր դրսի հարդարման, մարմարը՝ ներքին հարդարման ընթացքում»,-Ալիքի հետ զրույցում մանրամասնում է Լևոն Չիդիլյանը:

Նա նաև ասում է, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի տարբեր հատվածների վերանորոգման ընթացքում հայկական հետք է գտնվում: Տարիներ առաջ ևս  իրենց նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տապանաքարեր են տեղափոխվել Խոջիվանքի պանթեոն: Դրանց հանվել էին ներկայիս Բիլթմոր հյուրանոցի վերանորոգման ընթացքում, ժամանակին օգտագործվել էին շենքի ներքին հարդարման համար:

news.am



Նման նյութեր