Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն. Րաֆֆի Հովհաննիսյան. tert.am
Advertisement 1000 x 90

Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն. Րաֆֆի Հովհաննիսյան. tert.am

Սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու, քաղաքապետի ընտրությունն է, որի հանգուցալուծումը կորոշվի Երևանի  քաղաքացիների մեծամասնության կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք շատ լավատես ենք, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար  մոտենալ քվետուփին, խղճի մտոք ընտրել նրան, ում ուզում են, քանի որ դրանից է կախված Երևանի իշխանության լեգիտմությունը: Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին, յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը»,-շեշտեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այս ընթացքում բանավիճելու առիթներ չի ունեցել, քաղաքապետի որոշ թեկնածուներ հրաժարվել են իրենց հետ հանդիպելուց:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք դեմ են միլիարդների մրցավազքով ժողովրդին գայթակղելուց, ինչպես ընտրություններին ընդառաջ անում են որոշ քաղաքական ուժեր:

«Երևանի բյուջեն, լումա առ լումա, պետք է թափանցիկ ծախսվի, եկամուտները պետք է ընդլայնվեն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, հույս ունենք, որ պատկան մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և մաքուր ընտրություններ»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն:

Կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ առաջին անգամ քարոզարշավն ընթանում է ոչ թե ընդդեմ մեկ թիրախի, այլ յուրաքանչյուրը փորձում է առաջ տանել իր քարոզարշավը:

«Կարծում եմ՝ քարոզարշավի համար ժամանակը շատ քիչ էր, երկրորդ, շարունակում եմ համոզված մնալ, որ Երևանի ավագանու ընտրակարգը սխալ է ընտրված. Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղիղ քաղաքացիների կողմից: Շատ բարձր եմ գնահատում քարոզարշավի այն հատվածը, որ քաղաքացիներն անմիջականորեն շփվում են քաղաքապետի թեկնածուների հետ: Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները գիտակցված ընտրություն կանեն և մենք կունենանք առնվազն չորս-հինգ ուժերից կազմված ավագանի»,- ասաց նա: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց՝ եթե ԱԺ ընտրություններ տեղի չունենան, երկրում օրենսդրական ճգնաժամը շարունակվելու է:

«Օր առաջ Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,- ասաց նա:

tert.am



Նման նյութեր