Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Պարզապես ևս մեկ հիշեցում, թե Հայաստանում պոտենցիալ արտասահմանյան ներդողները իրականում ինչի են հապաղում: Պատկերացնո՞ւմ եք, և ոչ մի խոսք խորհրդարանի կողմից ներդրումներին խոչընդոտելու մասին…
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ Հայաստանում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելը դեռ շատ վաղ է: (18/07/2018)
«Ազատության» հետ զրույցում դեսպանը փոխանցեց, որ իրենք ԱՄՆ գործարար համայնքից բազմաթիվ հարցումներ են ստանում Հայաստանում առկա հնարավորությունների վերաբերյալ, սակայն հնարավոր ներդրողները դեռ հետևում են, թե ինչ ընթացք է ստանալու կոռուպցիայի դեմ մեկնարկած պայքարը․ – «Նրանք սպասում են տեսնելու, թե արդյոք նոր կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված կոնկրետ քայլեր իրականացնելուն, արդյոք կոռուպցիոն գործերով քննություններն իրականացվելու են օրենքի և իրավունքի պահանջներին համապատասխան»:
ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ հնարավոր ներդրողների համար նաև շատ կարևոր է, թե ինչպես է Փաշինյանի գլխավորած կառավարությունը լուծելու տնտեսական ոլորտում առկա խնդրահարույց հարցերը: Միլսը որպես օրինակ հիշատակեց Ջերմուկին հարակից Ամուլսարում ամերիկա-բրիտանական «Լիդիան» ընկերության կողմից ոսկու հանքավայրի շահագործման խնդիրը․ – «Ամերիկյան հնարավոր ներդրողները ցանկանում են տեսնել, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում, ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ կապված խնդիրներին: Արդյո՞ք նրանք արդարացի վերաբերմունքի են արժանանում, երբ հետաքննում են նրանց հարկային գործընթացները: Նրանք նաև հետևում են «Լիդիան» ընկերության հետ կապված հարցերին, և ինչպես է կառավարությունը լուծում նման զգայուն ու վիճելի հարցերը: Արդյո՞ք «Լիդիանը» արդարացի վերաբերմունքի կարժանանա այդ գործընթացի ընթացքում»»: