Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու բեռնատար ավտոբուսը. կան զոհեր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու բեռնատար ավտոբուսը. կան զոհեր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Քաղցրաշեն-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 34 RO 482 համարանիշի ավտոմեքենան և Կուբան մակնիշի 25 ԼՍ 211 համարանիշի բեռնատար ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ՝ Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen-ը բախվել է ավտոբուսին և մահացածը Volkswagen-ի վարորդն է, մյուս մահացածն էլ ավտոբուսի ուղևորն է եղել, ով, ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկվել: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները ՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com