Ֆրանսիական դրոշ ու ծաղկեպսակ՝ հայկական եռագույնով. հրաժեշտ «100%–ով ֆրանսիացի և 100%-ով հայ» Ազնավուրին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆրանսիական դրոշ ու ծաղկեպսակ՝ հայկական եռագույնով. հրաժեշտ «100%–ով ֆրանսիացի և 100%-ով հայ» Ազնավուրին

Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տան բակից Շառլ Ազնավուրի աճյունը դուրս բերվեց սիրո լեգենդար երգչի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կենդանի  կատարման ներքո:

Շանսոնյեին հրաժեշտ տվեցին այն ոգով, որով ինքն էր իրեն բնութագրում՝ «հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ».  դագաղը ծածկված էր Ֆրանսիայի դրոշով, որի հետևից տանում էին հայկական եռագույնի գույներով պատրաստված ծաղկեպսակ։

Հրաժեշտի ազգային արարողությունը սկսվել էր ՀՀ և Ֆրանսիայի ազգային օրհներգերով: Ազնավուրի մարմինը բակ էին հանել դուդուկի հնչյունների ներքո՝ «Դլե Յաման» երգի ուղեկցությամբ։

Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել հուշահամալիրի բակում՝ լեգենդին հրաժեշտ տալու համար։ Հրավիրվածների ցանկում էին երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը։

Հրաժեշտի արարողությանը մասնակցում էին Ազնավուրի ընտանիքի անդամները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, Ամենայն Հայոց գարեգին Բ կաթողիկոսը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը,  Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։  Փարիզում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու իր կինը։

new.am



Նման նյութեր