Երեկ, Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, Ելիսեյան պալատի երգչախմբի անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է, ֆրանսիացի շատ երգիչների շրջանում տարածված երգ է: Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում, Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառիստ Դեն Ղարիբյանի կատարմամբ: Ֆրանսիայում հայտնի Bratsch գնչուական խումբը մեկնաբանում է Արևմտյան Եվրոպայի գնչուական երգ-երաժշտությունը: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող ազգերի երաժշտությունը՝ ջազի վերածելով նրանց ազգային երաժշտական ավանդույթները: Ֆրանսիայում գործող խումբը, մեծ ճանաչում ունենալով Ֆրանսիայում, նաև բազմաթիվ վայրերում է հանդես եկել, այդ թվում՝ Մոսկվայում, Ստամբուլում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Լոնդոնում, Գազայում և այլուր:
Խումբը հիմնվել է 1972-ին. երաժիշտները ոչ միայն ալբոմներ են թողարկել և համերգներ ունեցել, այլև հասցրել են հանդես գալ ֆրանսիացի աստղերի հետ: Շառլ Ազնավուրը նույնպես խմբի հետ համատեղ երգել է Bratsch-ի երգերը:
Դեն Ղարիբյանի կատարմամբ հնչող «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. Հայկական վալս» երգը խմբի միակ հայերեն կատարումը չէ: Ֆրանսիացիներից և մեկ հայից կազմված խումբն իր ալբոմներում այլ հայկական երգեր նույնպես ընդգրկել է, որոնցից են՝ «Նուբար», «Ո՜վ, սիրուն սիրուն», «Նա մի նազ ունի» և այլն:
Խումբը տարիներ առաջ, երկարատև համագործակցությունից հետո բաժանվել է, և Դեն Ղարիբյանը հիմնել է «Ղարիբյան տրիո»-ն:
Ֆրանսիայում հայտնի ջազային կատարող է նաև Bratsch-ի հիմնադիր Դեն Ղարիբյանի դուստրը՝ Մաչա Ղարբիյանը:
Դեն Ղարիբյանը դստեր՝ Մաչա Ղարիբյանի հետ
Երգը՝ Դեն Ղարիբյանի կատարմամբ
Շառլ Ազնավուրի և Դեն Ղարիբյանի համատեղ կատարումը