NEWSPRESS.am-ի զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը: Նկատենք, որ նա այս պահին արտերկրում է, սակայն մեզ հաջողվել է կապ հաստատել նրա հետ և զրուցել քաղաքական վերջին իրադարձությունների մասին:
Պարո՛ն Բեգլարյան, տեսակետներ են հնչում, որ սխալ է Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, նաև նշվում է, որ ճիշտը հանրաքվեի իրականացումն էր ստեղծված իրավիճակում: Կա՞ արդյոք վտանգ Փաշինյանի հրաժարականի դեպքում:
Իհարկե, լավ կլիներ վերադառնայի՝ նոր այս մասին զրուցեինք, բայց քանի որ պահի թելադրանքն է այսօր անդրադառնալ խնդրին՝ կասեմ, որ համակարծիք եմ այն մարդկանց հետ, ովքեր գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա: Ամեն դեպքում, դա վարչապետի որոշելիքն է:
Իսկ ի՞նչ կասեք, եթե ՀՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի վարչապետի հրաժարականից հետո:
Սահմանադրությամբ՝ արտահերթ ընտրությունների 2 տարբերակ է նշվում՝ վարչապետ չընտրելը և կառավարության ծրագրին հավանություն չտալը… Կարծում եմ՝ սխալ կլինի, եթե վարչապետի հրաժարականից հետո այլ թեկնածուի անուն շրջանառվի և, առավել ևս, ընտրվի: Այսօր Նիկոլ Փաշինյանը զսպում է հասարակությանը, իսկ վաղը, եթե հանկարծ նա չլինի վարչապետ՝ հասարակությանը ոչինչ չի ստիպի լռել և դա խորհրդարանի «վերջը» կլինի:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ՀՀԿ-ն չպետք է թեկնածու առաջադրի…
Ի վերջո, դեկտեմբերին պետք է տեղի ունենա՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ:
Հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը՝ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Դա ժողովրդի պահանջն է, դա ուզում է ժողովուրդը: