«Մենք առաջին օրերին տեղեկատվություն չէինք տալիս նրա համար, որ բարերար և գործարար Սամվել Մայրապետյանին չխառնեն քաղաքականության հետ։ Որևէ քաղաքական աստառ մենք չենք տեսնում, այս գործը չի լինելու քաղաքական»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված գործարարի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավաստիացնելով, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, և շեշտելով, որ Մայրապետյանի գործն ունի զուտ տնտեսական բնույթ։ «Տնտեսական բնույթի մեղադրանք է։
Մոտ 10․5- 11 տարի առաջ որոշակի սուբյեկտներ կնքել են գործարք, որով մեկը վաճառել է ապրանք, մյուսը՝ գնել։ Այսօր Հատուկ քննչական ծառայությունն այդ գործարքում տեսնում է կոռուպցիոն ռիսկ, որին կապում են Սամվել Մայրապետյանին»,- ներկայացրեց պաշտպանը։
Դիտարկմանը, թե գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ-ում հարցաքննության ժամանակ հաստատել է, որ Մարտի 1-ի օրերին գումար է փոխանցել Սամվել Մայրապետյանին, պաշտպանն արձագանքեց․ «Ես 25 տարի է և՛ դատախազ, և՛ փաստաբան աշխատած ժամանակ լսում եմ, որ Պողոսին Սիլվա Համբարձումյանը տվել 15 մլն դոլար, Կիրակոսին 35 մլն դոլար․․․ Նա Սամվել Մայրապետյանին գումար չի փոխանցել, հատկապես Մարտի 1-ի հետ կապված որևէ գումար չի փոխանցել։ Մայրապետյանի քրեական գործը ոչ միայն քաղաքական ենթատեքստ չունի, այդ գործը կապ չունի Մարտի 1-ի, դրա նախապատրաստական աշխատանքների, դրան հաջորդող քաղաքաքական իրադարձությունների հետ»,- հայտարարեց Սիրունյանը։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Սամվել Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի կապն այս գործի շրջանակում, փաստաբանը նշեց․ «Սամվել Մայրապետյանն Արմեն Գևորգյանի հետ կապ ունի, որովհետև նրանք իրոք հարազատներ և մերձավորներ են»։ Ալեքսանդր Սիրունյանը շեշտեց, որ իրենց դժգոհությունները Մայրապետյանի կալանքի որոշման հետ են կապված, քանի որ դատարանը գրել է, որ իր պաշտպանյալը գործի քննության վրա չի ազդում, չի թաքնվում, սակայն պետք է նրան կալանավորել։
«Սա աբսուրդ է։ Մի խառնեք Սամվել Մայրապետյանին պոլիտիկայի հետ։ Դատարանի այս որոշումը ապտակ է նոր Հայաստանին, սա առաջին գործն է, որից ես լավ հոտ չեմ առնում»,- ասաց նա։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ բազմաթիվ շանր հանցագործությունների մեջ մեղադրվողներ այսօր դրսում են, նրանք ազատ են արձակվել գրավով կամ ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, մինչդեռ Մայրապետյանին կալանավորեցին․ «Էս ինչ եք անում․ տուշոնկա Մանվելն ու Սամվել Մայրապետյանը նույն բա՞նն են։ Տոյոտայի պաշտոնական ներկայացուցչին, 2-րդ հեռուստաընկերության տնօրենին հավասարեցրիք Մանվելի հե՞տ։ Սաշիկ Սարգսյանի տղան սպանության մեղադրանքով դուրսը պետք է գտնվի, իսկ Մայրապետյանը նե՞րսը, եթե ճիշտ է դա, բացատրենք հասկանանք»,- հարցադրում հնչեցրեց փաստաբանը՝ եզրափակելով․ «Դատարանը որոշեց լինել ավելի քրիստորնայ, քան Հռոմի պապն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։