Cisco ընկերության կիբեռանվտանգության բնագավառի փորձագետները նոր գող-վիրուս են հայտնաբերել Android-ի համար: Այդ մասին նրանք հայտնել են կազմակերպության բլոգում:
Վտանգավոր ծրագիրը մասնագետներն անվանել են GPlayed: Դրա ձեւավորման մեջ հանցագործները պատճենել են Google-ի Play պաշտոնական հավելվածը: Բեռնումից հետո գաջեթի էկրանին հայտնվել է նշան՝ Google Play Marketplace ստորագրությամբ: Ադմինիստրատորի իրավունքներով օժտված ծրագիրը կիբեռհանցագործներին թույլ է տվել հեռավորությունից կառավարել սարքը:
Նրանք կարողացել են ինքնուրույն արգելափակել գաջեթը կամ այն օգտագործել զանգելու կամ հաղորդումների առաքման համար: Բացի սարքի հիշողության մեջ պահվող տեղեկատվությունից, հավելվածը կարող է գողանալ վճարային տվյալները: Ըստ մասնագետների հաղորդումների՝ այժմ չարագործներն ակտիվորեն թեստավորում են իրենց նոր մշակումը, և ապագայում այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Android-սարքերի համար: