Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իվետա Եդիգարյանը: Նրա հետ խոսել ենք «Անուղղելիները» հումորային հեռուստասերիալի, դաշտում իրեն անհանգստացնող ու հուզող խնդիրների, ինչպես նաեւ անձնական կյանքի մասին:
Իվետան այս պահին զբաղված է «Անուղղելիների» երկրորդ եթերաշրջանի նկարահանումներով: Իր խոսքով՝ իրենց ողջ կազմը սպասում է, թե երբ է հեռուստասերիալը ցուցադրվելու «Շանթի» բաց եթերով:
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ 9 տարվա ընդմիջումից հետո «Վերվարածները» վերադարձել է, սակայն արդեն «Անուղղելիներ» անվանում, քանի որ հերոսները, կարծես թե, իսկապես անուղղելիներ են: Մենք շատ սիրով ենք աշխատում, իսկական ընտանիքի նման սրտացավ ենք միմյանց հանդեպ, իսկ այդ մթնոլորտում աշխատելն ուղղակի հաճույք է: Մենք ունենք նոր նկարահանող ու ստեղծագործական թիմ, որոնք պարզապես հրաշալի են կատարում իրենց գործը: Նման մթնոլորտում աշխատելը միայն հաջողություն է բերում աշխատանքին»,- նշեց նա:
Հարցին, թե արձագանքներն ինչպիսինն են, պատասխանեց.
«Գիտեք, արձագանքներ, անշուշտ, կան: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ դիտում են նաեւ սփյուռքում եւ այնտեղից եւս շատ դրական են արձագանքում: Բայց մեզ մոտ մարդկանց մի մասն է դեեւս հետեւում սերիալին, քանի որ այն ցուցադրվում է «Շանթ Պրեմիումի» եթերով, շատ շուտով, երբ սերիալը բաց եթեր դուրս կգա, վստահաբար արձագանքները շատ ավելի մեծ կլինեն»:
Եթե 9 տարի առաջ «Վերվարածները» հայկական հեռուստադաշտում միակ հումորային սերիալն էր, ապա այժմ հումորային նախագծերը, մեծամասամբ սիթքոմերը շատ են, հետեւաբար մրցակցությունն էլ մեծ է: Հետաքրքրվելով, թե այդ իմաստով «Անուղղելիների» անձնակազմը մտահոգություն ունի՞, դերասնաուհին նկատեց.
«Մենք շարունակում ենք մնալ միակ հայկական հումորային հեռուստասերիալը: Համաձայն եմ, որ հումորային նախագծերը հիմա շատ են, բայց դրանք հիմնականում սիթքոմերի տեսքով են: Բացի այդ, մեզ մոտ հիմնական կազմում խաղում են պրոֆեսիոնալ դերասաններ, որով նաեւ տարբերվում ենք շատ այլ նախագծերից: Այնպես որ, իր տեսակի մեջ մեր սերիալը մրցակից չունի: Իհարկե, մենք էլ փորձում ենք ժամանակին համընթաց քայլել, մեր ընտանեկան իրավիճակներում ժամանակին հուզող խնդիրներ առաջ քաշել: Վստահաբար, «Անուղղելիները» շատերը կդիտեն սիրված հերոսների համար, քանի որ մարդիկ կան, որ մինչեւ հիմա «Վերվարածներն» են դիտում: Ամեն դեպքում, մեր սերիալը ընտանեկան դիտման համար է, մեզ կարող են դիտել ողջ ընտանիքով»:
Իվետա Եդիգարյանը, խոսելով իր հերոսուհու մասին, պատմեց, որ Զիտան կրկին վերադարձել է ընտանիք, հաշտվել է ամուսնու հետ, ում մարմնավորում է Մակար Գալստյանը: Այժմ իր հերոսուհին վայելում է իր ընտանիքի ջերմությունը:
Հեռուստասերիալից զատ, Իվետան այժմ մտածում է գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասին, որի փորձն արդեն ունի: Նրա խոսքով՝ ցանկություն ունի դրամատիկ կերպար կերտել, որով իրեն դեռ չեն տեսել:
Խոսելով ոլորտում առկա իրեն հուզող խնդիրներից՝ Իվետա Եդիգարյանը առաջ քաշեց մասնագիտությամբ ոչ դերասանների ներգրավվումը տարբեր նախագծեր ու ֆիլմեր:
«Ինձ համար ցավալի է, որ շատ ֆիլմերում ու նախագծերում կարող ենք տեսնել, այսպես կոչված, «չդերասաններ»: Ռուսական ֆիլմրում հերոսուհիները կարող են գեղեցկության մարմնացումներ չլինեն, այլ պարզապես ունենան հմայք ու աննկարագրելի խաղ, իսկ մեզ մոտ շեշտը դրված է բացառապես տեսքի վրա, որն էլ ոչ միշտ է գեղեցիկ: Ես ինքս էսթետիկ ու պլաստիկ միջամտություններին դեմ չեմ, երբ դրանք չափավոր են արվում, բայց որքանով նկատել եմ, այսօր դերասանուհիներ ընտրելիս՝ հետեւում են, թե որքան մեծ են նրանց շուրթերն ու այլ բարեմասնությունները: Կարծում եմ՝ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Ինքս երգում եմ ակումբում, բայց ինձ երգչուհի չեմ համարում ու ոչ էլ ինձ թույլ կտամ երաժշտական մրցույթի մասնակցել»,- նկատեց Իվետան ու շարունակեց.
«Հավատացեք, իմ մասին չեմ մտահոգվում: Հիմա ես նկարահանվում եմ ու ունեմ աշխատանք եւ դրա համար շնորհակալ եմ «Շանթ» հեռուստաընկերությանը, բայց կան շատ տաղանդավոր դերասան-դերասանուհիներ, որոնք այսօր անգործ են եւ դրա համար ես շատ եմ ցավում: Նրանք տանը նստած են, որ իրենց փոխարեն նկարվեն ինչ-որ մարդիկ, որոնք տվյալ նախագիծն իրենց խաղով անհետաքրքրացնում են: Գիտեք, ես դիպլոմի մասին չեմ խոսում, իհարկե, կարող են լինել մարդիկ, որոնք չունեն դերասանական կրթություն, բայց տաղանդավոր են, թեպետ նման դեպքերը քիչ են:
Անդրադառնալով իր ամենօրյա աշխատանքին ակումբում՝ Իվետան նկատեց, որ երգում է, քանի որ լսարան ունի: Հարցին, թե տեսահոլովակ նկարահանելու եւ ավելի լայն մասաներին ներկայանալու ցանկություն չունի՞, նշեց.
«Ես ինձ շանսոն երգչուհի եմ համարում, նման երգեր եմ երգում: Իհարկե, տեսահոլովակ նկարահանել ուզում եմ, բայց դա ոչ միայն ֆինանսի, այլեւ երգի հետ է կապված: Այսօր դժվար է գտնել երգ, որը իմ սրտով կլինի, քանի որ այն, ինչ այսօր մարդիկ լսում են, դա իմը չէ, իմ ճաշակին չի համապատասխանում: Հիմա ես լավ պրոդյուսերի կարիք ունեմ, որի շնորհիվ կկարողանամ ճիշտ քայլեր ձեռնարկել»:
Զրույցի վերջում խոսելով Իվետա Եդիգարյանի անձնական կյանքից եւ հետաքրքրվելով, թե կրկին ամուսնանալու մասին չի՞ մտածում, դերասանուհին նշեց.
«Ես բնավ դեմ չեմ կրկին ամուսնանալ, միայն թե պետք է գտնվի այն մեկն, ում կողքին ես ինձ երջանիկ կզգամ: Ես վստահ եմ, որ աշխարհի մի անկյունում նա կա, բայց այդ մասին դեռեւս խոսել չեմ կարող, քանի որ հստակ քայլեր չկան իմ կյանքում: Իմ կողքին պետք է լինի նա, ով ամեն հարցում կկիսի մտքերս, մտահոգություններս, կընդունի ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ, կընդունի աշխատանքս, թեեւ հարկ եղած դեպքում ես միշտ կընտրեմ ընտանքս: Գիտեք, ցանկացած մարդու համար կարեւորը ընտանիքն է, որովհտեւ կարող ես սիրված լինել, լսել քեզ ուղղված բարձր ծափահարություններ, բայց գալ տուն ու միայնությունից դատարկություն զգալ, իսկ դա շատ ցավալի է: Ես ուզում եմ ամուր ընտանիք ունենալ, որտեղ ինձ կսիրեն ու կսպասեն»: