Շատ դժվար է կանանց հետ նման պրոյեկտ իրականացնել. Պրոդյուսերը՝ «Women’s Club»-ի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շատ դժվար է կանանց հետ նման պրոյեկտ իրականացնել. Պրոդյուսերը՝ «Women’s Club»-ի մասին. life.panorama.am

Նախորդ շաբաթ «Վիտամին փրոդաքշենը» «Շանթ» հեռուստաընկերության եթերում ներկայացրեց իր նոր՝ «Women’s Club» նախագիծը, որի մասին Life.panorama.am-ը զրուցել է պրոդյուսեր Վլադ Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշեց, որ այս նախագծի գաղափարը վաղուց են ունեցել, սակայն միշտ եղել է մտավախություն, թե ինչպես կանայք կարող են լավ հումոր ներկայացնել և ինչպես այն կընդունվի հանրության կողմից:

«Իրականում շատ դժվար է կանանց հետ նման պրոյեկտ իրականացնել, ու կիսում եմ այն մտահոգությունները, թե արդյոք կանայք կարող են լավ հումոր անել: Մենք ռիսկեցինք ու իրականացրինք այդ նախագիծը, և հույս ունեմ, որ այն լավ կընդունվի»,- նշեց Վլադ Հովհաննիսյանը:

«Women’s Club-ի կազմի մասին խոսելիս՝ Վլադը պատմեց.

«Քանի որ այս նախագիծն իրականցնելու գաղափարն արդեն մի քանի տարի է, ինչ ունեինք, մենք անընդհատ հետևում ու փորձում էինք հասկանալ, թե ովքեր կարող են իրականցնել մեր գաղափարները: Հատկապես «Կասկածելի երեկո»-ի հյուրերի շրջանակում փորձում էի հասկանալ, թե մեր հայտնի դերասանուհիներից և ոչ միայն նրանց շարքում, ովքեր ունեն լավ հումորի զգացում: Այո, աղջիկներն ու հումորը միասին մի փոքր դժվար պատկերացնելի է հատկապես Հայաստանում, բայց մենք ուզում ենք այդ կարծրատիպը կոտրել՝ միաժամանակ գիտակցելով, որ միանգամից դա անելն անհնար է: Այդ պատճառով, նախագծում նաև տղաներ են ընդգրկված, բայց նրանք ևս կատակում են կանանց թեմաների շուրջ: Անգամ առաջին եթերի վերջում, երբ վարչապետների ու նրանց կանանց զրույցն էինք բեմականացրել, այդ դեպքում էլ զրույցը վարչապետների կանանց մասին էր, այլ ոչ թե հենց վարչապետների»:

Վլադ Հովհաննիսյանը նկատեց նաև՝ գնալով աղջիկների ներգործությունը նախագծում կմեծանա, բայց նաև հավելեց, որ կազմը վերջնական չէ, հետաքրքիր ու հումորով հայտնի կանանց հետագայում ևս կներգրավեն նախագիծ:

Հիմնական կազմում, թերևս ամենաանսպասելին Լիլի Մորտոյի մասնակցությունն էր: Այս մասին խոսելիս՝ պրոդյուսերը նշեց.

«Լիլի Մորտոյի ընտրության մեջ ռիսկը մեծ էր: Սկզբում ուզում էինք փորձել ու հասկանալ՝ արդյոք նա կկարողանա խաղալ, մտածում էինք «Վիտամին ակումբից» հայտնի Եկատիրինի կերպարին մոտ կերպար ստանալ նրանից, բայց հետո հասկացանք, որ նա հաստատ կկարողանա անել այն, ինչ պատկերացնում ենք: Մինչ եթերն արդեն վստահություն ունեինք, որ հանդիսատեսը նրան կընդունի, իր հետ կապված որոշ ստերոտիպեր լավ առումով անգամ կկոտրվեն ու հեռուստադիտողն էլ հաճելիորեն կզարմանա: Ամեն դեպքում՝ մենք շատ գոհ ենք ու կարծում ենք, որ ստացված համագործակցություն կլինի»:

Women’s Club-ը վարում են Չարենցն ու Լուիզա Ներսիսյանը: Անդրադառնալով հաղորդավարների ընտրությանը, և դիտարկմանը, թե ասեկոսեներ կային, որ «Վիտամին ակումբի» կազմի և Չարենցի միջև կա կոնֆլիկտային հարաբերություն, Վլադ Հովհաննիսյանը ընդգծեց.

«Այո, դրանք միայն ասեկոսեներ էին՝ բամբասանքներ, որոնք չէին համապատասխանում իրականությանը: Ցանկացած կոլեկտիվում կարող են տարաձայնություններ լինեն, բայց չգիտեմ, թե ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը: Չարենցը երկար ժամանակ բացակայել է երկրից ու փրոդաքշենից, բայց հիմա համագործակցում ենք ու պաշտոնապես կարող եմ հայտարարել, որ Չարենցի ու «Վիտամին փրոդքաշենի» բոլոր անդամների միջև որևէ խնդիր չկա, առավել ևս՝ անլուծելի: Կարծում եմ՝ հանդիսատեսը ուրախ է Չարենցին կրկին տեսնել եթերում, իսկ ինչ վերաբերվում է Լուիզա Ներսիսյանի ընտրությանը, այս հարցում մեր ու հեռուստաընկերության ցանկությունները համընկան, վաղուց էր նա մեր տեսադաշտում, քանի որ Լուիզան արդեն երկար ժամանակ է ոչ միայն որպես դերասանուհի է ներկայանում, այլև՝ որպես հաղորդավարուհի: Մեզ մոտ Չարենցն ու Լուիզան ուղղակի հաղորդավարներ չեն, մենք փորձել ենք միքսել հաղորդավարության ու Stand up ժանրի էլեմենտները»:

Զրույցի վերջում Վլադ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Women’s Club-ի հետևողներին, որոնք ակտիվորեն արձագանքում են սոցիալական էջերում:

life.panorama.am