Այսօր Կապանում Փաշինյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը հետագայում չի հաստատել իր այն հայտարարությունը, թե Հունան Պողոսյանն իրեն ծեծել է ու հայհոյե, և այդպիսով անհարմար վիճակում է դրել իրեն։
Հիշեցնենք, 2013-ին «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում Շանթի հայտարարության մասին պատմել էր Փաշինյանը:
«Անհարմար վիճակ է այդ հարցազրույցի կապակցությամբ։ Այդ հայտարարությունն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա, բայց նա հրաժարվեց բացատրություններ տալ, և մարդիկ սկսեցին ինձ մեղադրել, թե ես սուտ եմ ասում։ Մինչև հիմա էլ անհարմար վիճակ է, որովհետև Շանթ Հարությունյանը չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ ասել և չի տվել ցուցմունք ու բացատրություն։ Հույս ունեմ, որ այդ հնարավորությունը կգտնվի, և Հունան Պողոսյանի պարտականությունն ու պատասխանատվությունը նոր Հայաստանի առաջ կլինի այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմելը։
Ես չգիտեմ, թե ինչ է եղել, բայց ես ուզում եմ ասել նաև, որ որպես ՀՀ վարչապետ, հարց եմ տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի վերաբերյալ և ստացել եմ պատասխան։ Չեմ ասի ձեզ՝ ինչ պատասխան, որովհետև կոռեկտ չեմ համարում, բայց կարող եմ ասել, որ այդ պատասխանը ինձ լիովին բավարարել է։ Մնացածը թող քննություն լինի, պարզվի, որովհետև բոլորը, այս հարթակում կանգնած բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հայաստանում չկան ու չեն լինելու արտոնյալներ», – հանրահավաքում հայտարարեց Փաշինյանը։