Այսօր, հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 59-ամյա Կարեն Մակարյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննիչ Ա․ Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին, նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: