Mega Millions ամերիկյան վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ 1,6 մլրդ դոլար գումարի՝ պատմության մեջ ռեկորդային ջեքփոթի խաղարկությունն առնվազն մեկ հաղթող ունի:
Կազմակերպիչների հաղորդագրության մեջ նշվում Է, որ տոմսը, որում համընկել են բոլոր վեց թվերը, վաճառվել է Հարավային Կարոլինայի նահանգում: Ընդսմին տոմսերի ստուգումը մի քանի նահանգներում դեռեւս շարունակվում է, եւ եթե լինեն մի քանի հաղթողներ, գումարը հավասարապես կբաժանվի նրանց միջեւ: Mega Millions վիճակախաղի ջեքփոթն աճում էր հուլիսից, երբ Կալիֆոռնիայում գործընկերների մի խումբ համատեղ շահեց 543 մլն դոլար: Mega Millions-ի նախորդ ռեկորդը՝ 656 մլն դոլար, սահմանվել էր 2012 թվականին, երբ մրցանակը բաժանվեց երեք հաղթողների միջեւ: ԱՄՆ-ում խաղարկությունների ողջ պատմության ընթացքում ռեկորդը պատկանում է մեկ այլ վիճակախաղի՝ Powerball-ին. 2016 թվականի սկզբին հաղթողն ստացավ 1,586 մլրդ դոլար:
Նշվում է, որ մատնանշված գումարը նախատեսված է 30 տարվա ընթացքում միանվագ վճարումների համար: Եթե հաղթողը որոշի այդ փողը վերցնել միանգամից, նա կստանա ընդամենը 913 մլն դոլար: Mega Millions-ի անցած խաղարկությունում հաղթելու շանսերը կազմում էին 1 առ 303 միլիոն: Ընդ որում՝ այն բանի հավանականությունը, որ այդ փուլում ի հայտ կգա հաղթողը, մոտավորապես 75 տոկոս էր: Ընդսմին փորձագետները նշում են, որ վիճակախաղի տոմսերի գնորդների մեծամասնությունը առավել քիչ ապահովված քաղաքացիներն են: