Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Օրեր առաջ armworld.am-ի հետ զրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն մեղադրանքին, թե իր կառավարման տարիներին կոռուպցիան խորն արմատներ էր գցել երկրի հանրային ու պետական կյանքում, ասել էր.

«Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, և ենթադրվում է, որ ստացել է, որովհետև նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի և 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:

Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ:

Ու, եթե դուք տեսնում եք՝այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են»,- ասել էր Քոչարյանը։

Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է Ռ. Քոչարյանի խոսքերը՝ ասելով, որ նա ճիշտ է ասել, ինքը որևէ կոռուպցիոն գործարքի մեջ նախագահ Քոչարյանի հետ չի եղել, իր գործառույթները՝ որպես Հարկային ծառայության ղեկավար շատ պարզ են եղել, այն է՝ հարկեր հավաքելը, ինչն էլ ինքը բարեխղճորեն կատարել է։

Հարցին, թե ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը հայտարարել է, որ 6 միլիոն դոլարի չափով գումարի կոռուպցիոն գործարքի հետ է առնչվում Ռոբերտ Քոչարյանը, և որ Հարկային ծառայության պետը չէր կարող այս մասին չիմանալ, ի՞նչ կարող է ասել, Ֆելիքս Ցոլակյանի պատասխանը կարճ էր և կոնկրետ.

«Չի կարող իմանալ, սա մեկ, և երկրորդը՝ այդպիսի հարցերը հարցրեք ասողին»։

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև Խորհրդարանը ցրելու, ռեյտինգային ընտրակարգի, պատգամավորական մանդատից հրաժարվելու և նոր աշխատանքի անցնելուց հետո Սերժ Սարգսյանին հանդիպելու, Շիրակի մարզի խնդիրներին նոր իշխանությունների վերաբերմունքի, մարզի զարգացման խնդիրների մասին։

Մանրամասները՝ տեսանյությում։



Նման նյութեր