Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել «սուր սննդային թունավորում, սուր գաստրոէնտերոկոլիտ՝ միջին ծանրության» ախտորոշմամբ մի քանի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ Ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց են տեղափոխվել Արմաշ գյուղի բնակիչներ՝ 53-ամյա Անահիտ Բաբայանը, 60-ամյա Գառնիկ Ղազարյանը, 26-ամյա Արևհատ Սարգսյանը, 17-ամյա Թամարա Ղազարյանը, 15-ամյա Գայանե Բադալյանը, 13-ամյա Գագիկ Բադալյանը և Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Արման Գինոսյանն ու 32-ամյա Հովհաննես Ավագյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Գ. Ղազարյանի տանը նախաճաշի ժամանակ կերել են կոլոլակով ապուր, որից հետո բոլորի ինքնազգացողությունը վատացել է։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: