ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասաց Նազարյանն ու հույս հայտնեց, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար իրենց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:
Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի:
ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:
Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին: