«Սա նույնիսկ ծիծաղելի էլ չէ»
Advertisement 1000 x 90

«Սա նույնիսկ ծիծաղելի էլ չէ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը, երբ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում:

«Անկեղծ ասած՝ մի քանի հանդիպումներում ուղիղ հարց եմ տվել մեր միջազգային գործընկերներին, ասել եմ՝ դուք հայտարարում եք կամ ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա Արցախի խնդիրը լուծելու հնարավորությունների պատուհան, խնդրում եմ՝ բացատրեք՝ ինչ նկատի ունեք՝ հնարավորությունների պատուհան ասելով։ Եվ անկեղծ ասեմ՝ միշտ չէ, որ ես որևէ բացատրություն լսել եմ։ Իմ կարգավիճակում պատշաճ չէ, որ ամեն հայտարարությունից հետո անեմ նոր հայտարարություն։ Բոլոր մանրամասներով Արցախի հարցի հետ կապված իմ դիրքորոշումը շատ հստակ գծագրել եմ։ Բացառավում է, որ որևէ մեկս հույս ունենք, որ Արցախի հարցը կարող է լուծվել Արցախի և Հայաստանի ժողովրդի և պետականությունների շահերին հակառակ։ Նման բան լինել չի կարող»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Արցախի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Արցախի և Հայաստանի ժողովրդի համար, պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ «Եվ իմ հարցը հետևյալն է՝ կա՞ արդյոք Ադրբեջանում պաշտոնյա, որը պատրաստ է կրկնել նույն հայտարարությունը, բառացի ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար։ Եթե կա պաշտոնյա, որ պատրաստ է կրկնել այս հայտարարությունը, ուրեմն կարող ենք ասել, որ կա հնարավորության պատուհան, իսկ եթե չկա այսպիսի հայտարարություն անող քաղաքական գործիչ, պետք է շարունակենք փնտրել, թե ինչ նկատի ունեն մեր գործընկերները՝ հնարավորությունների պատուհան ասելով»։

Վերջում հավելեց. «Շատ հաճախ ընդգծվում է, որ ՀՀ կառավարությունն ունի ուժեղ վստահության մանդատ, և զարմանալի է, որ որևէ մեկը կարող է մտածել, որ ՀՀ կառավարությունը ժողովրդից ստացած մանդատը կարող է օգտագործել ընդդեմ ժողովրդի։ Սա նույնիսկ ծիծաղելի էլ չէ»։



Նման նյութեր