«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից պատգամավորները հետաքրքրվեցին, թե մանկավարժների աշխատավարձերի բարձրացում նախատեսվո՞ւմ է, թե՝ ոչ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ աշխատավարձերի բարձրացման թեմային անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարն իր վերջին ելույթում՝ նշելով, որ եկամտահարկի նվազման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: «Բայց առանձին ուսուցիչների և գիտակաների գծով այս պահին չունենք, բայց հույս ունենք, որ օպտիմալացումների ճանապարհին կլինի»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև դրույքաչափերին և ասաց, որ դպրոցը կրթական քաղաքականություն վարելու փոխարեն դարձրել են սոցիալական հարց լուծելու միջոց, երբ մեկ դրույքը մի քանի աշխատողի միջև կիսվում է: «Ընդ որում՝ սոցիալական անարդյունավետ աշխատանք են կատարել, երբ ուսուցիչը գնում է, չորս ժամ է դասավանդում և 10 հազար դրամ է ստանում, դրանից և՛ նրա արդյունավետություն էլ ցածր է, և՛ նա սոցիալական խնդիր էլ չի լուծում»,-ասաց նա: