Ինձ այս թիմում բավականին լավ ընդունեցին. Էմմա Սապունջյանը այսուհետ կներկայանա «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինձ այս թիմում բավականին լավ ընդունեցին. Էմմա Սապունջյանը այսուհետ կներկայանա «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում. life.panorama.am

Դերասանուհի Էմմա Սապունջյանը միացել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի թիմին և այսուհետ նա այս սերիալի շրջանակում նոր կերպարով հանդես կգա: Այս մասին Էմման պատմել է Life.panorama.am-ին, ու նաև հայտնել, որ այս առաջարկն ունեցել է դեռևս մեկ տարի առաջ:

«Իրականում՝ «Էլնի օրագիրը» հեռուստասերիալում նկարահանվելու հրավերը ստացել էի անցյալ տարի, երբ նոր պետք է նկարահանվեր սերիալի առաջին մասը: Հրավերը ստացել էի ռեժիսոր Մհեր Խաչատրյանի կողմից և այն ժամանակ փորձնական նկարահանումից հետո հաստատվել էի, բայց քանի որ նույն ժամանակահատվածում ես այլ առաջարկ էլ ունեի, և փաստացի այն առաջինն էի համաձայնել, ուստի ցավով, բայց չկարողացա նկարահանվել «Էլենի օրագրում»: Ինչու եմ ասում ցավով, որովհետև առաջին իսկ րոպեներից «Էլենի օրագրի» անձնակազմն ինձ շատ էր դուր եկել: Ինչևէ, մեկ տարի անց, ի ուրախություն ինձ, ռեժիսորն ինձ դարձյալ հիշեց և հրավիրեց նկարահանվել «Էլենի օրագիրը 2»-ում, դե իսկ ես էլ մեծ սիրով ընդունեցի առաջարկը»,- պատմեց Էմման:

Այստեղ դերասանուհին մարմնավորելու է գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Սառայի հորաքրոջ աղջկան, ով գալիս է ԱՄՆ-ից:

«Կերպարս շատ հետաքրքիր է, քանի որ բացելու տեղեր ունի: Խարակտերային կերպար է, որն ինձ շատ հետաքրքիր է մարմնավորել: Թե որն է լինելու նրա ներգործությունը սերիալում, անշուշտ, փակագծեր չեմ բացի, միայն կարող եմ սերիալի երկրպագուներին ասել, որ հետաքրքիր շրջադարձեր են սպասվում»,- հավելեց Էմման՝ ավելացնելով, որ իր անմիջական խաղընկերներն են գլխավոր հերոսները:

Երեկ արդեն իսկ եթեր դուրս եկավ Էմմա Սապունջյանի մասնակցությամբ սերիան: Նրա խոսքով՝ մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել են իր մասնակցությամբ նկարահանումները:

«Մթնլորոտն ուղղակի հրաշալի է: Ինձ այս թիմում բավականին լավ ընդունեցին, բոլորին հասցրել եմ սիրել, քանի որ նրանք շատ ջերմ են ու իրենց գործին նվիրված: Այստեղ առողջ ստեղծագործական մթնոլորտ է տիրում, ինչը միայն օգնում է, որ աշխատանքդ արդյունավետ լինի»,- նկատեց նա:

Հարցին, թե արդեն գործող հեռուստասերիալ մուտք գործելը դժվար չէ՞, պատասխանեց.

«Իրականում, ես ցանկացած նախագծի մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում, և կապ չունի այդ նախագիծը վաղուց է գործել, թե նոր պետք է սկսի: Յուրաքանչյուր կերպար կերտելիս ես մտածում եմ՝ կսիրվե՞մ հանդիսատեսի կողմից, թե ոչ, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է բացասական կերպարի, քանի որ մարդիկ հաճախ նույնացնում են կերպարը դերասանի հետ: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ աշխատանքին, փորձում եմ ուժերս ամբողջությամբ կենտրոնացնել, որպեսզի ցանկալի արդյունք գրանցեմ»:

life.panorama.am



Նման նյութեր