Սա ամբողջ աշխարհի հայերին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչի արձագանքը չէ, այլ Հայաստանում հող գնելու վաղեմի երազանք, բայց ֆրանսահայ երգչուհին շատ է հարգում երկրի առաջնորդին։
Հայտնի երգչուհի Ռոզի Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի է Ռոզի Արմեն կեղծանունով, երբեք չի մոռացել իր արմատները, թեև ծնվել է Փարիզում։ Նրա մայրը` Նվարդը, Անկարայից տեղափոխվել է Ֆրանսիա, հայրը` Խուրշուդը, Նախիջևանից է։ Ծնողները մանկուց Ռոզիի մեջ սեր են սերմանալ հայոց լեզվի և հարազատ մշակույթի հանդեպ։
Վերադառնալ Հայաստան…
«Հիմա իմ երազանքն է հող առնել և տուն կառուցել Արարատ լեռան տեսարանով։ Տունը հատակից առաստաղ հասնող պատուհաններ կունենա, որպեսզի Արարատը երևա այնպես, ինչպես համակարգչի ֆոնային նկարը»,- Sputnik-ի թղթակցին պատմեց Ռոզի Արմենը։
«Դուք հետևելու եք Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` տուն վերադառնալու կոչի՞ն»,- հարցնում եմ Ռոզիին։
«Ոչ, այդ երկու իրադարձություններն ընդհանրապես կապ չունեն։ Ես վաղուց էի ուզում հող գնել Հայաստանում և այնտեղ տուն կառուցել։ Չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք մշտապես բնակվել այդ տանը, բայց հաճախ կգնայի։ Առավել ևս, որ այնտեղ շատ ազգականներ ունեմ։ Ընդմիշտ Հայաստան գնալը երևի դժվար կլիներ, ես ամբողջ կյանքիս ընթացքում բնակվել եմ այլ երկրում, սովոր եմ այլ կենսաձևի։ Հասարակ բան. ես վատ եմ խոսում հայերեն և նույնիսկ նամակները չեմ կարողանա կարդալ։ Իսկ նամակներ ստանալու եմ։ Եվ ինչպե՞ս եմ ապրելու այդ ժամանակ»,- ասում է Ռոզի Արմենը։
Բայց Փաշինյանի կոչը նա ողջունում է. «Շատ լավ կլիներ, եթե բոլոր հայերը վերադառնային տուն»։ Ռոզի Արմենը շատ է հարգում Հայաստանի առաջնորդին։
«Ես գարնանը Հայաստանում էի, և շատ ժամանակ եմ անցկացրել Փաշինյանի հետ։ Ինձ հրավիրեցին հայտնի դեպքերի ժամանակ, և ես հաճույքով արձագանքեցի. ցանկացա աջակցել Նիկոլին և իմ ժողովրդին»,- ասում է Ռոզի Արմենը։
YouTube-ում մի տեսանյութ կա, որում նա բանաստեղծություն է կարդում Փաշինյանի կողքին կանգնած։ Երգչուհին հպարտանում է այդ տեսանյութով։