Գրում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ դուր են գալիս. Գևորգ Սիրեկանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գրում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ դուր են գալիս. Գևորգ Սիրեկանյան. life.panorama.am

Երգիչ Գևորգ Սիրեկանյանը ներկայացրել է իր նոր՝ «Ամպերի ճերմակ երազ» տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ժոր Մելոյանը:

Ինչպես իր երգերի մեծ մասը, այս մեկն էլ Գևորգն ինքն է գրել:

«Երաժշտությունը, ինչպես միշտ, ես եմ գրել, սակայն այս անգամ խոսքերը գրելիս ինձ օգնել է քույրս՝ Լիլիթ Սիրեկանյանը: Երգի գործիքավորումը կատարել է Գևորգ Հովհաննիսյանը, գիթառը նվագել է Կարո Սարաֆայնը»,- Life.panorama.am-ին ներկայացրեց երգիչը:

Գևորգը պատմեց, որ այս երգի առաջին հատվածները վաղուց է գրել.

«Իրականում, եթե անկեղծ լինեմ, այս երգի որոշ հատվածներ վաղուց էի գրել, այն ժամանակ որոշ իմաստով իմ կյանքի հետ էր կապված այս երգը, սակայն վերջնամասն արդեն գրել եմ զուտ որպես ստեղծագործող՝ առանց անձնական կյանքի ազդեցության»,- նշեց նա, իսկ հարցին, թե հիմնականում ռոմանսներ գրող երգիչը հատուկ զգացողություններո՞վ է երգը գրում ու կատարում, երբ այն առնչություն ունի իր կյանքի պատմության հետ, պատասխանեց.

«Իհարկե, միշտ չէ, երբ իմ կյանքի տարբեր իրավիճակներին են վերաբերվում երգերս, սակայն ամեն երգ գրելիս ինձ փորձում եմ պատկերացնել այդ իրավիճակում, վերապրել տվյալ պատմությունը, որպեսզի երգը հնարավորինս անկեղծ լինի»:

Անդրադառնալով Ժոր Մելոյանի հետ համագործակցությանը՝ Գևորգը պատմեց.

«Ժորի հետ մտերիմ ենք ու ուզում էի, որ իմ առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակը հենց նա նկարի, քանի որ նախկինում տեսահոլովակներս ընկերներով ենք նկարահանել: Տեսահոլովակում ամեն ինչ Ժորի միտքն էր, փորձել ենք ցույց տալ ընտանիքի գաղափարը և դա անել հիմնականում սիմվոլներով: Ուզում էինք մնայուն գործ ստեղծել, հուսամ՝ ստացվել է մեզ մոտ»:

Գևորգը նկատեց, որ մեծ հաճույք է ստանում, երբ իր ստեղծագործությունները դառնում են զույգերի սիրո պատմությունը խորհրդանշող երգեր:

«Ես չեմ հետևում ժամանակի թելադրանքներին, գրում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ դուր են գալիս, որոնք ես էլ հաճույքով կլսեի ու որոնց համար հետո չեմ ամաչի: Մեծագույն հաճույք է, երբ իմ երգերով մարդիկ կարող են սիրահավել, սիրել և անգամ իրենց հարսանիքի առաջին երգը դարձնել: Ի դեպ՝ նման պատմություն եղել է, ինձ շատ են ասել, որ իմ երգերով են սիրո խոստովանություն արել»,- նկատեց նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Գևորգ Սիրեկանյանը նշեց, որ առաջիկայում՝ դեկտեմբերի 10-ին, Նարե Գևորգյանի և Սարգիս Եղիազարյանի հետ պատրաստվում է համերգով ներկայանալ Գյումրիում: Բացի այդ, շուտով կլինեն նոր երգեր, որոնք երգիչը կներկայացնի իր հանդիսատեսի դատին:

life.panorama.am



Նման նյութեր