Life.panorama.am-ի զրուցել է դերասանուհի Էմմա Շաբոյանի հետ, որն ԵԹԿՊԻ-ում դասավանդում է «Բեմական խոսք» առարկա: Էմման այժմ ներկայանում է՝ որպես «Lady comedy» հեռուստանախագծի անդամ: Նրա հետ խոսել ենք ոչ միայն այս նախագծի, այլեւ իրենց կազմի աղջիկների հետ հարաբերությունների մասին:
«Այս նախագծում մասնակցելու միտքն ինձ տվել է պրոյեկտի դերասանուհիներից մեկը՝ Թամարա Գեւորգյանը: Նա ինձ տեղեկացրեց, որ քասթինգ է լինելու, ու ես էլ որոշեցի մասնակցել: Իսկ քասթինգի հենց սկզբից ամեն ինչին սկսեցի հումորվ վերաբերվել, քանի որ տեղյակ էի, որ հումորային նախագծի համար պետք է ընտրվեի: Պատկերացրեք՝ յուրաքանչյուր լուրջ հարցին սկզբում պատասխանում էի հումորով, հետո նոր անցնում լուրջ պատասխաններին: Այդպիսով, քանի որ ես նախագծի միակ շիկահերն եմ, իմ հաջողության գրավականը եղավ հենց մազերիս գույնը»,- պատմեց Էմման:
Մեր զրուցակցի խոսքով՝ սկզբում նախատեսված է եղել «Lady comedy»-ն միայն ներկայացման տեսքով խաղալ, սակայն մի քանի անգամ բեմում ներկայանալուց հետո թիմը հասկացել է, որ պատրաստ են այն հանձնել նաեւ հեռուստադիտողի դատին: Հարցին, թե ըստ դերասանուհու՝ բեմից հեռուստատեսային նախագիծ արագ անցումն ինչո՞վ էր պայմանավորված, պատասխանեց.
«Չեմ կարծում, որ ամեն ինչ արագ եղավ, ամեն դեպքում՝ մեր հաջողության այս փուլի համար պայքարել ենք շուրջ ութ ամիս»:
Խոսելով արձագանքների մասին՝ Էմման նկատեց.
«Արձագանքները տարբեր են, բայց ամենակարեւորը՝ դրանք ոգեշնչող են ու օգնող: Այս ամենի մեջ գլխավորը այնն է, որ կան արձագանքներ, չէ որ խոսում են միայն հետաքրքիր բաների մասին»:
Հետաքրքրվելով, թե աղջիկները միասին հա՞շտ են աշխատում, Էմման անկեղծացավ.
«Չեմ խաբի, բնականար, ինչպես բոլոր պրոյեկտներում, մեզ մոտ էլ լինում են տարաձայնություններ, առանց որոնց նոր բան չի ծնվի: Անշուշտ, մենք դրանք արագորեն շրջանցում ենք միմյանց հանդեպ մեծ սիրո, հարգանքի եւ իհարկե, պրոֆեսիոնալ վերաբերմունքի շնորհիվ: Մեզ մոտ բացի գործընկերային հարաբերություններից, հավաքված են մարդիկ, որոնք իրար սիրում են, ընկերներ են, իսկ դա միայն օգնում է յուրաքանչյուր նախագծին»: