Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի բնակիչներին խնդրել են քաղաքից բացակայել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում, որն սկսվելու է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Ինչպես գրել է թերթը, քաղաքը «հանուն անվտանգության ապահովման լրիվ կփակեն» նոյեմբերի 29-ից, երբ միջոցառման մասնակիցներն սկսեն ժամանել մայրաքաղաք: Ինքնաթիռներին կարգելվի թռչել Բուենոս Այրեսի վրայով, իսկ գնացքները, մետրոն և հասարակական տրանսպորտի մյուս բոլոր տեսակները կդադարեցնեն երթևեկությունը:
Հասարակական տրանսպորտը չի աշխատի ոչ միայն մայրաքաղաքում, այլև հարակից շրջաններում: Միջոցառումները կվերաբերեն ընդհանուր առմամբ շուրջ 12 միլիոն մարդու: Քաղաքի անվտանգության համար պատասխան կտան 22 հազար ոստիկաններ և հատուկ ծառայությունների գործակալներ:
Նոյեմբերի 30-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր, իսկ երկրի կառավարությունը քաղաքի բնակիչներին կոչ է արել հեռանալ դրա սահմաններից: «Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս օգտվել երկարատև հանգստյան օրերից և մեկնել,- հայտարարել է անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչը:- Հինգշաբթի օրը մեկնեք, որովհետև քաղաքում գտնվելը շատ բարդ կլինի»: Նա հավելել է, որ Բուենոս Այրեսում շատ վայրեր հնարավոր չի լինի գնալ անվտանգության նկատառումներով: