Դեկտեմբերի 13-ին մեծ էկրան կբարձրանա «Ձյունանուշ» մանկական հեքիաթ ֆիլմը:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր հերոսուհու և փոքրիկ խաղընկերների հետ աշխատանքի մասին:
Մանկական լսարանին հասցեագրված ֆիլմն ամանորյա հրաշքի ու դրան հավատալու մասին է: Ըստ սցենարի երեխաները, որոնք սպասում են ամանորյա հրաշքին, նամակ են գրում Ձմեռ պապին, որպեսզի ստանան իրենց նվերները: Նրանց ընկերներից մեկը չի հասցնում իր նամակն ուղարկել և օգնության է հասնում Ձյունանուշը: Շուշաննայի խոսքով թե՛ իր կերպարը, թե՛ ֆիլմի սցենարն իրեն գրավել են և նպաստել առաջարկն ընդունելու հարցում:
«Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Արմեն Սիմոնյանից: Միասին քննարկել ենք, փորձել ենք հասկանալ կերպարի առանձնահատկությունները: Սիրով համաձայնեցի, քանի որ առաջին հերթին լավ թիմ էր աշխատում, կար շատ հետաքրքիր լուծումներով սցենար, հավանեցի նաև իմ կերպարը: Դրանք ինձ համար ամենից կարևոր նախադրյալներ են: Սա իմ առաջին աշխատանքն է գեղարվեստական ֆիլմում և կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում: Ես վստահ եմ՝ չեմ ափսոսի, որ ներգրավված եմ եղել այս կազմում, որովհետև ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ հետագայում պտուղները պետք է լավը լինեն, դրա համար մեծ անհամբերությամբ ինքս էլ սպասում եմ ֆիլմի պրեմիերային»,-ասաց Շուշաննան:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են երեխաները՝ Էլեն Կարապետյանն ու Ալեքսանդր Մանուկյանը, որոնք և Շուշաննայի հիմնական խաղընկերներն են եղել: Դերասանուհին նկատեց, որ փոքրիկների հետ աշխատանքը առանձնապես դժվարություններ չի առաջացրել. «Երեխաները նկարահանման հրապարակում աշխատելու փորձ ունեին, բացի դրանից շատ տաղանդավոր են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը իր կերպարին շատ համապատասխանում էր, իսկ ինձ իրենց հետ աշխատանքում օգնեց նաև այն, որ ժամանակին խաղացել եմ մանկական՝ «Կարմիր գլխարկ» ներկայացման մեջ, որտեղ երեխաների հետ ինտերակտիվ շփման փորձ էի ձեռք բերել: Դրա համար շատ հեշտ ստացվեց մեր աշխատանքը»:
Դերասանուհին նշեց, որ «Ձյունանուշ» ֆիլմում հեքիաթային ու իրական աշխարհների համադրություն է և կան ինչպես հորինված, այնպես էլ իրական կերպարներ. «Ընդհանուր առմամբ ակրելի է ասել, որ այս ֆիլմով ուսուցանվում է այն, որ լինես փոքր թե մեծ, յուրքանչյուր տարիքում էլ պիտի հավատաս հրաշքների, քանի որ դրանք իսկապես տեղի են ունենում հատկապես ամանորի գիշերը»,-եզրափակեց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am