«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը, սակայն նշել է, որ հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում:
Ռ.Ռուբինյանը 5-րդ ալիքի եթերում մասնակցել է ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճին:
Վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք Ռ.Ռուբինյանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան ճակատամարտը:
«Ոչ, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը: Դուք հղում էիք կատարում Սասուն Միքայելյանի ասածին: Ասեմ ավելին. Սասուն Միքայելյանն էլ չի կարծում, որ դա այդպես է և ինքը անդրադարձել է իր արած հայտարարությանը և, ըստ էության, ընդունել է, որ իր ձևակերպումը հաջող չէր», – պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ:
«Մենք ֆիքսեցինք՝ դուք ինչ ասացիք», – արձագանքել է Ա.Աշոտյանը:
«Այո, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց ես նաև կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր ինքնին և շատ կարևոր էր նաև ընդհանուր Արցախի կոնտեքստում, և դա շատ ամուր հիմք կարող է դառնալ մեզ համար, որպեսզի շահեկան լուծման հասնենք», – ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը:
Նա նաև նշել է, որ արվել է մի հայտարարություն «ոչ այնքան հաջող: Հայտարարություն անողը, հայտարարություն անողի թիմակիցները, բոլորը ասում են, որ, այո, մի քիչ անհաջող հայտարարություն է, այսինքն, մենք այդպես չենք կարծում»:
«Հիմա դուք կառչել եք, անընդհատ կրկնում եք: Դուք գիտեք, չէ՞, որ մենք այդպես չենք կարծում, ես ասացի, չէ՞, Սասուն Միքայելյանն ինքը ասաց, չէ՞, որ էդպես չէր ուզում ձևակերպեր: Ինչի՞ եք շարունակում ծամծմել այս թեման», – նշեց Ռ.Ռուբինյանը: