Նոյեմբերի 28-ին, Վրաստանում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որի նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող Վրացական երազանք կուսակցության սատարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Սա վերջին անգամն էր, որ Վրաստանի նախագահն ընտրվեց քաղաքացիների քվեարկությամբ։
6 տարի անց Վրաստանում նախագահ կընտրվի 300 հոգանոց Ընտրական կոլեգիայի կողմից: Այս փոփոխություններն ամրագրված են երկրի նոր Սահմանադրությամբ, որն ուժի մեջ կմտնի նորընտիր նախագահի երդմնակալությունից սկսած։
Նոր Սահմանադրությամբ բավականին սահմանափակվում են նախագահի առանց այն էլ սահմանափակ իրավասությունները։
Նախագահը լինելու է․
- երկրի գլուխը, անկախության և միասնության երաշխավորը,
- ԶՈւ գերագույն հրամանատարը։
Նախագահն իրավունք կունենա․
- զբաղվել երկրի արտաքին գործերով,
- նշանակել Սահմանադրական դատարանի 3 դատավորի,
- նշանակել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ,
- քաղաքացիություն տալ,
- առանց Խորհրդարանի համաձայնության ներում շնորհել (չշփոթել համաներման հետ) դատապարտյալների,
- պատերազմի ժամանակ պիտի ստեղծվի Ազգային պաշտպանական խորհուրդ, որը ղեկավարելու է նախագահը։ Խորհրդի մշտական անդամներն են լինելու նախագահը, վարչապետը, Խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը։ Նախագահի որոշմամբ կառավարության կամ Խորհրդարանի այլ անդամներ էլ կարող են հրավիրվել խորհուրդ։ Կառույցը գործելու է մինչև պատերազմական դրության ավարտը։
Իրավունք չի ունենա․
- խառնվել երկրի ներքին գործերին, կառավարմանը,
- խաղաղ պայմաններում ունենալ նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ։