«Գիլանի և Այոմիի բարեգործական նախագիծը Գյումրիում». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Գիլանի և Այոմիի բարեգործական նախագիծը Գյումրիում». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«30 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժն անտարբեր չէր թողել ոչ մեկին՝ բառացիորեն ողջ աշխարհն էր օգնության ձեռք մեկնել Հայաստանի ժողովրդին: Ահա այդպիսի ձեռնարկումներից մեկն էր նաև 1989-ի հուլիսի 8-ին Լոնդոնում համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ կազմակերպված բարեգործական ռոք-համերգը, որի նպատակն էր օգնել 1988-ի երկրաշարժից տուժած և անտուն մնացած Լենինականի (Գյումրի) բնակիչներին:

Այդ համերգի ձայնագրության հիման վրա 1990-ին թողարկվեց «Ռոքն օգնում է Հայաստանին. Երկրաշարժի ալբոմ» («Rock Aid Armenia: The Earthquake Album») ձայնասկավառակը, որի վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես ուղղվեց Սպիտակի երկրաշարժի օգնության ֆոնդին: Բացի դրանից, բարեգործական նպատակներով առանձին սինգլով հրատարակվեց նաև «Deep Purple» ռոք խմբի 1970-ականներին հանրահայտ «Smoke on the Water» երգի քավեր կատարումը և տեսահոլովակը: Ռոք երաժշտության լեգենդ, աշխարհահռչակ բրիտանական «Deep Purple» խմբի մենակատար Յան Գիլանի հետ մեկտեղ այդ երգի ձայնագրության և հոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցեցին նաև մի շարք այլ ռոք-աստղեր, այդ թվում՝ Ռիչի Բլեքմորը, Ջոն Լորդը, Թոնի Այոմին, Դեվիդ Գիլմորը, Բրայան Մեյը, Բրայան Ադամսը և ուրիշներ:

2009-ին Յան Գիլանը Հայաստան եկավ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի կազմակերպիչ Ջոն Դիի և իր մտերիմ ընկերոջ, «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ: Այդ այցի ժամանակ Գիլանը, Այոմին և Դին հայտնեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանն աջակցելու իրենց նոր գաղափարի մասին, որից հետո այդ նպատակի համար դրամահավաք էր ընթանում: 2011-ին Գիլանի և Այոմիի բարեգործական «Who Cares» ռոք-նախագծի շրջանակներում թողարկվեց հատուկ սինգլ: Այդ սինգլում տեղ գտած երկու երգերից մեկը ձայնագրվեց հայ երաժիշտներ Արա Գևորգյանի և Արշակ Սահակյանի մասնակցությամբ: Դա «Սև-մութ ամպեր» հայկական ժողովրդական երգի մեղեդու հիման վրա մշակված և դուդուկի նվագակցությամբ ուղեկցվող «Holly Water» («Սուրբ Ջուր») երգն է:

2012-ին թողարկվեց «Who Cares» բարեգործական ռոք-նախագծի ամբողջական ալբոմը, իսկ արդեն 2013-ի սեպտեմբերին Յան Գիլանը և Ջոն Դին Գյումրիում մասնակցեցին ալբոմի վաճառքի շահույթից առաջացած գումարով կառուցված երաժշտական թիվ 6 դպրոցի նոր շենքի պաշտոնական բացմանը՝ նվիրաբերելով նաև դպրոցին մի շարք երաժշտական գործիքներ: Հավելենք, որ դպրոցի կառուցումը հնարավոր դարձավ նաև «Հայ Օգնության Ֆոնդ»-ի (ՀՕՖ), ավստրալիական «Do Something» կազմակերպության և «Մեդիամաքս» մեդիա ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ:

Յան Գիլանը իր այդ բարեգործական նախաձեռնությունների համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Պատվո Շքանշան»-ով, իսկ 2014-ին Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի կողմից նրան շնորհվել է «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը:

Նկարում՝ Թոնի Այոմին և Յան Գիլանը (աջից) Հայաստանում»:
«Holly Water» երգի տեսահոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=3GVFBKXNdLU



Նման նյութեր