Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
Advertisement 1000 x 90

Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

Ստրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ:

Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը: Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել է երկու, տուժել՝ 14 մարդ:

Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարությունը հայտնել էր երեք զոհվածների և 12 վիրավորների մասին:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը քաղաքում սգո օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաև քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները:

BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն:

Հրաձիգի անձը պարզված է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում և Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ:

Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:

Ֆրանսիայի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել է Էմանուել Մակրոնը Twitter-ում։



Նման նյութեր