Սննդամթերքը , որը պարունակում է «E» դասիչով սննդային հավելումներ, կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Իրականում այնքան էլ այդպես չէ, և ամեն ինչ կախված է չափից ու նորմատիվներից:
Իհարկե, միշտ էլ ցանկալի է, որ օգտագործվի այնպիսի բնական սնունդ , որը որևէ վերամշակման չի ենթարկվել, բայց այդպես քիչ է լինում: Հետո էլ չպետք է մոռանալ, որ անգամ բնական սննդամթերքը կարող է իր մեջ պարունակել որևէ այնպիսի նյութ, որը նաև որպես սննդային հավելում է լինում: Իրականում շատ լավ է, եթե այն սննդամթերքը, որը պատրաստվում եք գնել, նորմալ մակնշված է, դա նշանակում է , որ արտադրողը ձեզ չի խաբում: Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերության մեջ և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման (պիտանիության) ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ: Սննդամթերք արտադրողների կողմից սննդային հավելումների օգտագործման հիմնական նպատակներ են արտադրանքի օրգանոլեպտիկ տվյալների բարելավումը (ըստ արտաքին տեսքի, համի, գույնի, բույրի), որակյալ և թանկարժեք հումքի փոխարինումն այլ սննդային հավելումներով մշակված հումքով, տեխնոլոգիական գործընթացի արագացումը և դյուրացումը (հասունացման ժամկետի կրճատում, չխառնվող բաղադրիչների միավորում և այլն) և պատրաստի արտադրանքի պահպանման (պիտանիության) ժամկետի երկարացումը: Արգելվում է սննդային հավելումների և բուրավետիչների օգտագործումը սննդամթերքի կեղծման նպատակով:
Ի դեպ, պետք չէ վախենալ սննդամթերքի փաթեթի վրա նշված «E» դասիչից, որը շատերը ընդունում են որպես տագնապի ազդանշան: Այն ընդամենը նշանակում է «Եվրամիություն», այսինքն՝ Եվրամիության կողմից մշակվել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ: Ասենք նաև, որ որոշ արտադրողներ նշում են ոչ թե «E» դասիչը, այլ միանգամից գրում են այդ դասիչին համապատասխան նյութը, այսինքն՝ ստացվում է, որ արտաքուստ այդ նորմալ պիտակավորված սննդամթերքը կարծես թե «E» կամ սննդային հավելում չի պարունակում, չնայած այդպես չէ:
Ներկայումս հաճախ սննդային հավելումները «մեղադրվում» են ալերգիաների, ասթմաների և առողջության բազմապիսի այլ խանգարումների մեջ: Պարբերաբար կարելի է լսել կամ կարդալ, որ այսինչ «E»–ի օգտագործումը բերում է այսինչ հիվանդության: Բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած քիմիական նյութի ազդեցություն կոնկրետ օրգանիզմի վրա կապ ունի անհատական հատկությունների և այդ նյութի չափաքանակի հետ: Այսինքն, եթե նորմալ մակնշված սննդամթերքի վրա գրված է որևէ «E»– ի քանակությունը, նշանակում է՝ դա թույլատրելի սահմաններում է և վտանգավոր չէ: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտական մեթոդների զարգացման հետ երբեմն ստացվում է, որ որոշակի սննդային հավելումներ, որոնց ինչ–որ քանակը առաջ համարվում էր թույլատրելի, նորմատիվը փոխվում է և համարվում է անթույլատրելի: Բայց լինում է նաև հակառակը, երբ որևէ արգելված սննդային հավելում համարվում է, որ իրականում անվնաս է: Այս նշվածները մասնավոր և պատահական դեպքեր են:
Արդյոք կարո՞ղ է լինել մարդ, որը չօգտագործի սննդային հավելումներ: Պարզվում է, որ ոչ: Իհարկե, կարելի է չօգտագործել լիմոն, որ մեր օրգանիզմը չթունավորվի E 330–ով՝ լիմոնաթթվով: Դա դեռ կարելի է, իսկ ի՞նչ անել այն փաստի հետ, որ մեր շնչած օդում պարունակում են E 941 դասիչի ազոտ և E 948 դասիչի թթվածին: Բարդ հարց է: