Ուրվականներ՝ Շոտլանդիայի ամրոցներում
Advertisement 1000 x 90

Ուրվականներ՝ Շոտլանդիայի ամրոցներում

Էլ ի՞նչ հին ամրոց՝ առանց հարուստ պատմության, արյունոտ դրամաների և, ամենակարևորը՝ առանց ընտանեկան ուրվականների: Այդպիսի ամրոցներով հայտնի է Շոտլանդիան: Այդ երկրում ավելի քան 2000 ամրոց կա, որոնց մի մասը գործում է, մյուս մասն ավերակների է վերածվել:

Ստիրլինգ ամրոց (Stirling Castle)

Խոյանում է նույնանուն քաղաքի բարձունքում, նրա մի կողմը հասնում է անդունդի եզրին: Այստեղ հայտնվում է վարդագույն շորերով Լեդին՝ գեղեցիկ երիտասարդ աղջկա ուրվականը՝ վարդագույն մետաքսե զգեստով: Ընդհանրական կարծիք չկա, թե ով է եղել այդ աղջիկը. մի մասն ասում է, որ դա ինքը՝ Մարիա Ստյուարտ թագուհին է, որը ժամանակին թագադրվել է այդ ամրոցում, մյուս մասը՝ որ նրա աղախինն է, որը փրկել է իր տիրուհուն հրդեհի ժամանակ:

Գլեմիս ամրոց (Glamis Castle)

Կառուցված է սպիտակ քարից, ունի շատ աշտարակներ: Այս ամրոցը մարդաբնակ է մինչ օրս: Նրա մի թևում թանգարան է, իսկ մյուսում՝ ապրում են Ստրասմոր ընտանիքի կոմսերը, որոնց գերդաստանն արդեն 700 տարուց ավելի տիրում է ամրոցին:

Այնտեղ հաճախ են տեսնում մոխրագույն հագուստով կնոջ ուրվականը: Դա Ջենեթ Դուգլասն է, որին 16-րդ դարում այրել են խարույկի վրա: Ամրոցին մոտեցող մեքենաներին հաճախ ուղեկցում է ճերմակազգեստ կինը: Ոչ ոք հստակ չի կարողանում ասել, թե նա ով է, որովհետև շատ արագ հայտնվում է և շատ արագ անհետանում: Հյուրասենյակում հաճախ տեսնում են սևամաշկ տղա-ծառայի ուրվականը, որը սովորաբար լուռ է նստում, ասես ինչ-որ բանի է սպասում: Ամրոցի լուսամուտներից մեկում երևում է ցավից տառապող տղամարդու դեմք, ևս մեկ գունատ կազմվածք թափառում է տանիքում:

Գլեմիս ամրոցում կա, այսպես կոչված՝ «ավելորդ» պատուհան, որը տեսանելի է դրսից, բայց ներսում սենյակ չկա, որը կհամապատասխանի այդ պատուհանին: Ըստ լեգենդի՝ այդ զմռսված սենյակում արդեն 600 տարի թղթախաղով են զբաղված կոմսերից մեկն ու իր ընկերները, և, եթե կեսգիշերին մոտեցնեք ձեր ականջն այդ հատվածի աղյուսե պատին, ապա կարող եք լսել խաղացողների բղավոցներն ու ծիծաղը:

Կաուդոր ամրոց (Cawdor Castle)

Ասես շոտլանդական հեքիաթներից դուրս եկած հրաշալի ամրոց լինի, որն ավելի հայտնի է Շեքսպիրի անմահ «Մակբեթ» գործի հետ իր կապով: Ամրոցում շրջում է միանգամից երեք ուրվական, որոնցից ամենասարսափելին անձեռք աղջիկն է: Ըստ պտտվող զրույցների՝ այդ աղջիկը սիրահարվել է մի տղամարդու, բայց հայրը դեմ է եղել նրանց ամուսնությանը, և որպես պատիժ՝ կտրել է աղջկա ձեռքը: Կաուդորում տեսնում են նաև երկնագույն հագուստով խորհրդավոր ասպետի, որի պատմությունը հայտնի չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»



Նման նյութեր