Ռուսական հանրահայտ Championat.com կայքը կազմել է MMA-ի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:
2018 թվականի լավագույնների շարքում Հոլանդիան ներկայացնող հայ մարզիկ Գեղարդ Մուսասին 8-րդն է: Աղբյուրը մեր հայրենակցի մասին գրել է.
«Այս տարի Մուսասին մենամարտել է միայն չեմպիոնների հետ: 2 մենամարտ՝ 100 տոկոսանոց արդյունք:
215 վայրկյան պահանջվեց հայկական արմատներով հոլանդացուն, որպեսզի տեխնիկական նոկաուտի ենթարկի միջին քաշային կարգի չեմպիոն Ռաֆայել Կարվալյոյին: Բրազիլացին մինչև Մուսասիին հանդիպելը 15 անընդմեջ հաղթանակ էր տարել:
503 վայրկյան, որպեսզի Մուսասին պաշտպանի իր չեմպիոնական գոտին՝ հաղթելով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ռորի Մակդոնալդին: Հաղթանակն այնքան վստահ էր, որ կարծես դա սուպերմենամարտ չէր, այլ սպորտի վարպետի և առաջին կարգի մարզիկի մենամարտ»,- գրել է Championat-ը:
Ըստ կայքի՝ տարվա լավագույն մարզիկը Դանիել Կորմյեն է, ով մեկ տարվա ընթացքում պաշտպանել է չեմպիոնական գոտին, այնուհետև նորն է նվաճել և կրկին պաշտպանել է այն:
Կոնոր Մակգրեգորին հաղթած և մեծ աղմուկ բարձրացրած Խաբիբ Նուրմագոմեդովը երկրորդ տեղում է: