Արարատի ոստիկանները Հայաստանը լքելու պահին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Արարատում քաղաքացիների ուղղությամբ կրակողին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արարատի ոստիկանները Հայաստանը լքելու պահին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Արարատում քաղաքացիների ուղղությամբ կրակողին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ), մարզի քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքելու պահին հայտնաբերել ու Ոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել Արարատ քաղաքի Բանավան 4-րդ շենքի բնակիչ՝ 27-ամյա Ժորա Գասպարյաին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այնուհետև տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենան և որսորդական ողորկափող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 5-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ էին հնչել, և այդ մասին ահազանգ էր ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։ Դեպքի վայր էին մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աղդաշյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներից մեկն էլ դիպել էր նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com