Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը. shamshyan.com

Հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի և Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հրշեջ-փրկարարները և մինչ հիվանդանոց տեղափոխելը, Ա. Մուրադյանը բժիշկների հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com