Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ գործը իմ կարծքիով անչափ խճճված է, որպեսզի պատասխանատու եզրահանգումներ լինեն։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մամուլից ինձ հայտնի մի քանի տեղեկություն, որոնցից շատերը իրարամերժ լինելուց բացի հաճախ 100 տոկոսով անհասկանալի են։
1. Սպանությունը կատարվել է 1996 թ.-ին։ Թե՛ սպանվողի և թե՛ դատապարտվածների ընտանիքները ակադեմիական կրթությամբ և լուրջ վաստակ ունեցող մարդիկ են։ Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը վաստակավոր բժիշկ է, իսկ դատապարտված Մհեր Ենոքյանը հայրը ունեցել է ատամնաբուժական կլինիկա։
2. Դատապարտված Մհեր Ենոքյանը, Արամ Հարությունյանը և սպանված Աղաջանովը համակուրսեցիներ էին։ Սպանվածի քույրը` Ելենա Աղաջանովան պատմում է, որ Ենոքյանը հայրը իրենց հորը խնդրել է, որ իր տղային օգնի այլ ֆակուլտետից տեղափոխվել Իոսիֆի ֆակուլտետ` ատամնաբուժական։ Աղաջանովը կատարել է իր կոլեգայի խնդրանքը։ Ենոքյանը տեղափոխվել է հենց Իոսիֆի խումբ։ Այդուհանդերձ իրենք երբեք մոտ ընկերներ չեն եղել։
3. Սպանությունը կատարվել է Արամ Հարությունյանի տանը, ուր սպանվողին տարել է Ենոքյանը։ Սպանության ժամանակ տանը եղել է ոչ թե 3 այլ 4 մարդ։ 4-րդը եղել է Հարությունյանի քույրը։ Վերջինս սակայն դատարանում երբեք ցուցմունք չի տվել։ Ենոքյանի փաստաբանը պնդում է, որ շատ հարցերի պատասխան կարող է տալ միայն Արամ Հարությունյանի քույրը։
4. Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը ոստիկանության տեսանյությում խոստովանում են, որ մարդ են սպանել։ Այդ խոստովանությունը, սակայն, որպես ապացույց չի ծառայել և քրեական գործում չկա։ Ենոքյանի կինը`լրագրող և իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը պնդում է. «Բոլորին է հայտնի, թե ոստիկանական բաժանմունքներում ինչպես կարող էին 90-ականներին նման բացատրություններ կորզվել», նրանք երիտասարդ էին, անպաշտպան, չունեին դատավարական կարգավիճակ և փաստաբան։ Այդպիսի իրավիճակում այդպիսի ցուցմունք կարելի է կորզել նույնիսկ անմեղ մարդուց։ Այդպիսի օրինակ կա, երբ մարդը տեսախցիկի առաջ խոստովանել է, որ սպանել է ծառայակցին, իսկ հետո արդարացվել է։
5. Դատի ժամանակ և առ այսօր Ենոքյանը պնդում է, որ ինքը մարդ չի սպանել։ Սպանությունը Ենոքյանը բացարում է այսպես.
Հարությունյանը կռվել է Աղաջանովի հետ, ինքը փորձել է կանխել դա (բաժանել կռվողներին) բայց չի հաջողացրել։ Արդյունքում Հարությունյանը սպանել է Աղաջանովին։
6. Հետագայում ելույթներից մեկում Ենոքյանը պնդում է, իրական մարդասպանները մինչև այսօր էլ բացահայտված չեն։
7. Արամ Հարությունյանը նախաքննության ժամանակ սկզբից պնդում է, որ ինքն է սպանել Աղաջանովին, իսկ Ենոքյանը անմեղ է։ Զարուհի Մեջլումյանը գործից մեջբերում է անում` ըստ որի Հարությունյանը բառացի ասել է. «Այնքան կատաղած էի, չեմ հիշում քանի անգամ եմ հարվածել»։ Ասում է նաև. «Երբեք չեմ տեսել, որ Մհերը որևէ իրով խփած լինի Իոսիֆի գլխին։ Մհերի ձեռքին դանակ չի եղել, նա դանակով Իոսիֆին հարվածներ չի հասցրել »։ Հետագայում Հարությունյանը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը։ Վերջին ցուցմունքում պնդել է, որ միասին և շահադիտական նպատակով են սպանել Աղաջանովին` վերջինիս ընտանիքից փող կորզելու նպատակով։
8. 1996 թ.-ին ոստիկանության հայտնի տեսանյությում Հարությունյանը և Ենոքյանը պատմում են, որ ամեն ինչ սկսել է լեզվակռվից, Աղաջանովը հայհոյել է, սկսվել է վեճ, որը վերաճել է կռվի։
9. Հայր Աղաջանովը պնդում է, որ Իոսիֆը ֆիզիկապես այնքան ուժեղ էր, որ դեմ առ դեմ կռվի դեպքում նույնիսկ երկու հոգով իրենք չէին կարողանա սպանել նրան և անվնաս մնալ։ Հետևաբար ըստ Աղաջանով հոր` ամեն ինչ եղել է կազմակերպված։ Առաջին հարվածը եղել է դավադրաբար` երկաթե գործիքով խփել են գլխին։ Ենոքյանը վերջում դանակը տվել է Հարությունյանին և ստիպել, որ վերջնական հարվածը նա կատարի` կտրելով վիզը։ Նպատակը եղել է Աղաջանովին սպանելը, դին թաքցնելը և տեղը ասելու դիմաց 20.000 դոլար պահանջելը։ Նախապես խանութից գնել են հատուկ պայուսակ, որով տեղափոխել են դիակը և պահել քարերի տակ։ Իսկ սպանությունից հետո այդպիսի պահանջ իրենց չի ներկայացվել, քանի որ Հարությունյանի հարազատներից մեկի հորդորով հանձնվել են ոստիկանություն։
10. Ըստ այլ տեղեկությունների` խնդրո առարկա պայուսակը չի հայտնաբերվել, ավելին` դիակի վրա չեն հայտնաբերվել այնպիսի հետքեր, որոնք կապացուցեին, որ դիակը դրվել է պայուսակի մեջ։ Այսինքն գիտականորեն հերքվում է վարկածը, որ դիակը դրվել է պայուսակի մեջ։ Այդուհանդերձ Դիակը հայտնաբերվել է սպանության վայրից հեռու` քարերի տակ։
11. Թե՛ սպանվածի Հայրը, և թե՛ քույրը Ենոքյանին անվանում են «խելացի մարդ, մեծ կամքի ուժի տեր, ուժեղ և տաղանդավոր» ու դրանով հանդերձ` հասարակության համար խիստ վտանգավոր։ Հայր Աղաջանովը պատմում է, որ դատի ժամանակ պարզվել է, որ երկու հոգով տարբեր քրեական ֆիլմեր են նայել և որոշել են իրենց անելիքը, և որ Ենոքյանը մի դրվագում ասել է. «Կինոն նայել ենք, բայց այդ հարցում իրենք սխալ էին, մենք էս ձևով չենք վարվի, մենք ուրիշ ձևով կվարվենք»։ «Հիմա պատկերացրեք, թե ինչքան է ինքը կատարելագործվել այս տարիների ընթացքում»- ասում է Աղաջանով հայրը։
12. Թե՛ Ենոքյանը թե՛ Հարությունյանը դատապարտվել են նույն հոդվածով և նույն արարքի համար, որպես համակատարողներ։ Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, Ենոքյանը` գնդակահարության։ Հարությունյանը ազատվել է 15 տարի անց` 2011 թ.-ին և ըստ Աղաջանով հոր` հավանաբար Հայաստանում չէ։
13. Ենոքյանի կինը` Զարուհի Մեժլումյանը պնդում է, որ սպանվածի հարազատները խտրականորեն են վերաբերվում սպանության համար մեղադրվածների նկատմամբ. Այսպես, դատի ժամանակ Աղաջանովները մահապատիժ են պահանջել միայն Ենոքյանի համար, իսկ դաժան մանրամասներով սպանություն խոստովանած Հարությունյանի համար մահապատիժ չեն պահանջել. «Աղաջանովի ընտանիքը Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում։ Անգամ չի ասում` նրան դատապարտեք։ (,,,) Կոկորդի խորը թափանցող վնասվածքը հասցրել է Արամ Հարությունյանը։ Եվ հետո նրանք հարցազրույց են տալիս և ասում են, թե էն խեղճ տղան մեզ վրա նորմալ տպավորություն թողեց։ Ես սա չեմ կարող հասկանալ»։ Սպանվածի քույրը` Ելենա Աղաջանովան պնդում է հակառակը, որ իրենք երկուսի համար էլ պահանջել են մահապատիժ։ Միաժամանակ պնդում է նաև, որ սպանության նախաձեռնողը և կազմակերպիչը եղել է Մհեր Ենոքյանը, իսկ Հարությունյանը եղել է օգնողի դերում։ Հայր Աղաջանովը ասում է. «Հիմնական կազմակերպիչը, հիմնական դրդող ուժը և հիմնական կատարողը Ենոքյանն էր, դա անկասկած է»։ Բայց «Երբ դատի ժամանակ ինձ հարցրին, թե ինչ եք պահանջում, ասացի, որ երկուսի համար էլ պահանջում եմ մահապատիժ»։
14. Ըստ Աղաջանովի հոր` Ենոքյանի կողմնակիցները առաջին 15 տարվա ընթացքում համարյա լուռ են մնացել։ Արամ Հարությունյանի ազատվելուց հետո միայն նրանք սկսում են համոզել Հարությունյանին ընդունի, որ ինքն է արել ամեն ինչ, որպեսզի Ենոքյանի հոդվածը փոխեն և ինքն էլ դուրս գա բանտից։
15. Զարուհի Մեջլումյանը պնդում է, որ իրենց հիմնական պահանջը գործի վերաբացումն է, ինչին Աղաջանովի հարազատները դեմ են. «Ենթադրենք վստահ են, որ Մհերն է, ինչու՞ են սարսափած գործի վերաբացումից, թող բացվի էլ, փակվի էլ»։
16. Ըստ Զարուհի Մեջլումյանի, դատական ողջ ընթացքում եղել են աղաղակող սխալներ, որ քրեական գործը իրավաբանության հետ առհասարակ առնչություն չունի։ Ըստ Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանի, ընթերակաները, որոնց ներկայությամբ առգրավվել են հանցագործության գործիքները, իրականում գոյություն չունեն։
17. Զարուհի մեջլումյանը պատմում է նաև , որ հայտնաբերել է, որ երբ Արամ Հարությունյանը փոխում է իր ցուցմունքը, նրա հայրը և հորեղբայրը նույնպես փոխում են ցուցմունքը և ասում, որ այդ տղան սպանվել էի ինչ-որ դիպլոմատի և ինչ-որ սպիտկ փոշու հետ կապված։ Մինչ այդ Աղաջանով հայրը նամակ էր գրել դատախազին և պնդել, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվում, որ հնարավոր է, որ այնտեղ ուրիշ մասնակիցներ են եղել, այսինքն Աղաջանովը չէր հավատացել Արամ Հարությունյանի առաջին պատմածին և պահանջել էր բազմակողմանքի քննություն։ Իսկ Հարությունյանի հոր և հորեղբոր ցուցմունքներից հետո Աղաջանովը համաձայնվում է Հարությունյանի պատմած վերջին վարկածի հետ։ «Սա տարօրինակ է։ Կարծում եմ, որ պիտի նոր քննություն սկսվի և պարզվի, թե որն է եղել լռության գինը», – ասում է Զարուհի Մեջլումյանը
18. Մեջլումյանը պատմում է նաև, որ ինչ-ինչ ուժեր կազմակերպված արշավ են սկսել Ենոքյանի դեմ։ Այսպես, միջնորդավորված կերպով կապ է հաստատվել լրագրող Ջուլիետա Ամիրխանյանի հե, որը նախկինում զբաղվել է Ենոքյանի գործով։ Զանգել են սկզբից ԱՄՆ-ից, իսկ հետո Երևանից և մեծ գումարի դիմաց առաջարկել են հաղորդում պատրաստել Մհեր Ենոքյանին դեմ, որը պետք է հեռարձակվել Հ2 հեռուստաալիքով։ Ամիրխանյանը, սակայն, հրաժարվել է այդ գործարքից։
19. Խոսակցություններ են տարածվել նաև այն մասին, որ դին մասնատվել է` մի բան, որը հերքվում է Ոստիկանության հայտնի տեսանյութի կադրերով։
20. Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում է հետևյալը. 2003-ին մահապատժի վերացումից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանով ներում է շնորհվել Ենոքյանին, ինչի իրավունքը Քոչարյանը ուներ։ Բայց նույն հրամանագրով Քոչարյանը բոլոր ցմահների պատիժը փոխարիենել է ցմահ բանտարկությամբ ` մի բան, որի իրավունքը չուներ (դա կարող էր անել միայն դատարանը)։ Ավելին, նախկին ՔՕ-ով ներման դեպքում նախատեսվում էր պատիժը փոխարինել 15 – 20 տարվա ազատազրկմամբ, ինչի արդյունքում Ենոքյանը այսօր արդեն առնվազն 2-3 տարի պիտի ազատության մեջ լիներ, եթե նույնիսկ լիարժեք մեղավոր լիներ Աղաջանովի սպանության մեջ։ Իսկ եվրոպական երկրների մեծամասնությունում ցմահ ազատազրկում տրվում է 21տ.-ից։ Ենոքյանը դատապարտման ժամանակ եղել է 19 տարեկան։
21. 2018-ին Ենոքյանը պաշտպանել է դիպլոմային աշխատանք` ստանալով iրավաբանի որակավորում։ Դրանից առաջ նա հեղինակել է գրքեր, կատարել թարգմանություններ` այսինքն ունեցել է բանտարկյալի համար բացառիկ գործունեություն։
22. Ենոքյան տարիներ շարունակ պնդում է, որ ինքը մեղավոր չէ և պահանջում է գործի վերաբացում։ Զարուհի Մեժլումյանը պնդում է. «Պետությունը դատապարտել է, պետությունը կարող է ներել» «Ինչպես կարելի է դեմ լինել մարդասիրությանը, ևս մեկ կյանք փրկելուն»։
23. Ներկա ՔՕ- նախատեսում է մեխանիզմ, որ Ցմահ ազատազրկվածը 20 տարի ազատազրկվելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի։ Ենոքյանի նկատմամբ սա չի կիրառվել, քանի որ վերջինս երկու անգամ փախուստի է դիմել բանտից, որը նրա պատժաչափի մեջ կլանել է ևս 14 տարվա պատիժ և արդյունքում նրա պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը հետաձգվել է մինչև 2028 թ.-ը։ Հետևաբար Ենոքյանին ազատելու միակ իրավական միջոցը ներումն է, որից հետո իրենք մտադիր են վերաբացել գործը և հասնել արդարացման դատավճռի։
Ահա իրարամերժ տեղեկությունների մի մասը, որ հայտնի է մամուլից։
…
ՀԱՐՑԵՐ, ՈՐ ԾԱԳՈՒՄ ԵՆ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
1. Եթե կանխամտածված սպանելու մտադրություն կար, ինչու՞ են դա արել Հարությունյանի տանը սառը զենքով և այն էլ` քրոջ ներկայությամբ մանավանդ, որ սպանվողը իրենցից ֆիզիկապես ուժեղ լինելուց բացի նաև տիրապետում էր մարտարվեստի։
2. Եթե սպանությունը եղել է ոչ թե կանխամտածված և ծրագրված, այլ պատահական ծագած կռվի արդյուքում, ապա ինչու՞ Աղաջանովը, որ մարտարեստի էր տիրապետում` ստանալով տասնյակ հարվածներ չի կարողացել ո՛չ մի լուրջ վնասվածք հասցնել Հարությունյանին և Ենոքյանին։
3. Եթե կանխամտածված սպանելու մտադրություն չկար, ապա ինչո՞վ բացատրել սպանության դաժանությունը (Դանակի տասնյակ հարվածները, վզի վրայի խորը կտրվածքը, կոտրած գանգ ևն)։
4. Ինչպե՞ս է դիակը տեղափոխվել, ո՞վ է տեղափոխել։
5. Ովքե՞ր են տարածել դին մասնատելու մասին միֆը։ Ովքե՞ր են տարածում այդ լուրը և ի՞նչ նպատակով։ ի՞նչ շահագրգռություն կարող են ունենալ դրանք տարածողները լրատվամիջոցները։
6. Սպանվածի հարազատները ինչու՞ են դեմ գործի վերաբացմանը (Սովորաբար տուժողի ներկայացուցիչները ամենաշատն են շահագրգռված, որ պարզվի իրական եղելությունը)։
7. Ինչու՞ չի հարցաքննվել հանցագործության վայրում եղած միակ վկան` Հարությունյանի քույրը։
8. Ինչու՞ է դատարանը հավատացել Արամ Հարությունյանի իրարամերժ ցուցմունքներից վերջինին։
9. Եթե Ենոքյանը չի կատարել սպանություն և եղել է պաշտպանողի դերում, ինչու՞ հանցագործության պահին կամ անմիջապես հետո չի զանգել ոստիկանություն, շտապ օգնություն, չի դիմել հարևաններին, աղմուկ չի բարձրացրել։
10. Եթե Ենոքյանը պնդում է, որ Հարությունյանն է մարդասպանը, ապա ինչու՞ է հետագայում հայտարարում, որ սպանության իրական մարդասպանները բացահայտված չեն։
…
Կարծում եմ ավելին ասելու կարիք չկա, որ պարզ լինի, որ գործը անչափ խճճված է, որպեսզի գործին անծանոթ մարդիկ պատասխանատու եզրահանգումներ անեն։ Լավագույն ելքը իմ կարծիքով նոր, համակողմանի քննությունն է, իսկ մինչև այդ կարծում եմ ճիշտ կլինի զերծ մնալ որևէ կարծիք հայտնելուց` հաշվի առնելով գործի խիստ զգայուն լինելը»։