Տոնական տրամադրությունը ոմանց մոտ դեռ զգալի է, ոմանց մոտ՝ արդեն ավարտված է։ Life.panorama.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե ինչպես են մեր հայտնիներն անցկացրել Ամանորն ու ինչ նպատակներ են կապել 2019-ի հետ։ Իսկ մեր այսօրվա զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը։ Նրա համար Ամանորը հատուկ նշանակություն ունի.
«Ընդհանրապես, ամեն տարի ես այս տոնից հետո կարծես նոր կյանք եմ սկսում. ամեն դեպքում՝ ես ինձ այդպես եմ կոդավորել»- ժպիտով նշեց Մարիամն ու շարունակեց.
«Ամանորն անցկացրել եմ ծնողներիս և եղբորս հետ։ Այս տարի եղբայրս պետք մեկնի հայոց բանակ, ուստի փորձել ենք շատ լավ դիմավորել տարին, մի լավ ուրախացել ենք, պարել։ Ի դեպ՝ մեզ մոտ ավանդույթ է Նոր տարին դիմավորել տանը՝ ընտանիքի բոլոր անդամներով։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ նման ընտանիք՝ իր դրական ու բացասական կողմերով. ընտանիքս իմ կողքին է ամեն պարագայում»։
Նվերների իմաստով ևս տարին Մարիամի համար լավ է սկսվել.
«Նվերներ շատ եմ ստացել. շատ եմ սիրում նվերներ ստանալ, ինձ երջանիկ եմ զգում այդ պահին, ամեն նվեր ինձ համար մեծ նշանակություն ունի և կապ չունի այն փոքր է, թե մեծ»- նկատեց դերասանուհին ու անկեղծացավ.
«Նվերներ տալ ավելի շատ եմ սիրում, քան ստանալ։ Նվերներ գնելիս ուշադրություն չեմ դարձնում դրա արժեքին, կարծում եմ՝ նվերը պետք է լինի հետաքրքիր և կարևորը՝ պետքական։ Եթե պետք է նվեր գնեմ, որը դիմացինս չի օգտագործելու, ապա անիմաստ է»։
Մարիամը խոստովանեց, որ ամեն տարի Ամանորին նույն երազանքն է մտապահում. «Երազանքս անիրական է, բայց ամեն տարի դա եմ պահում։ Պետք է կյանքի նոր փուլը սկսել մաքուր էջից, և սկսել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես քեզ սիրում են և կողքիդ են, այլ ոչ նրանց հետ, ովքեր գալիս-գնում են, հետո նորից հայտնվում ու անհետանում, պետք է բաց թողնել նման մարդկանց»- նշեց նա։
2019-ի հետ կապված իր նպատակներից խոսելիս՝ Մարիամ Ալեքսանյանը նկատեց.
«Նպատակներիս մասին խոսել չեմ ուզում։ Հույսով եմ՝ կհասնեմ դրանց, իմ կյանքում կարևոր է առաջ գնալ, մասնագիտության մեջ կայանալ, իսկ մնացածի մասին խոսել չեմ ուզում։ 2018-ն ինձ շատ բան տվեց ու սովորեցրեց թե անձնական, թե մասնագիտական իմաստով, բայց դրանք արդեն անցյալում են, 2019-ը նոր կյանքի փուլ է, դրական պետք է սկսել»: