ԱՄՆ-ի և Իսպանիայի գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ օրական վեց ժամից պակաս քնող մարդիկ սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկի են ենթարկվում ի տարբերություն այն մարդկանց, ովքեր քնում են 7-8 ժամ: Այդ մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտությանը մասնակցել են 3 հազար 974 իսպանացիներ, որոնք գիտափորձի ընթացքում կրել են ակտիգրաֆ՝ սարք, որը չափում է քնի և արթուն լինելու ժամանակի տևողությունը: Կամավորներին բաժանել են չորս խմբի՝ կախված այն ժամանակից, որը հատկացվում է գիշերային հանգստին:
Բացի այդ, գիտափորձի մասնակիցներն էխոկարդիոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա են անցել հիվանդությունների բացահայտման համար:
Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք վեց ժամից պակաս են քնել, աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը 27 տոկոսով բարձր է եղել նրանց համեմատությամբ, ովքեր քնելուն հատկացրել են 7-8 ժամ: Բացի այդ, անհանգիստ քունը և գիշերային հաճախակի արթնացումները անոթային հիվանդությունների վտանգը մեծացրել են 34 տոկոսով: Սակայն չափազանց տևական քունը, որը գերազանցում է օրական ութ ժամը, նույնպես կարող է նպաստել աթերոսկլերոզին: Ուշագրավ է, որ նրանք, ովքեր քիչ են քնել, հաճախակի են օգտագործել սուրճ և ալկոհոլ: Գիտնականները կարծում են, որ սուրճից վնասը կարող է բացատրվել մարդկանց մի մասի մոտ դրա դանդաղ յուրացմամբ: