Երգչուհի Իրինա Հարությունյանը, ով վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում, Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իր նոր ծրագրերի ու սպասվելիք անակնկալի մասին: Զրույցի սկզբում Իրինան նշեց, որ տարին սկսել է բարձր տրամադրությամբ ու մեծ ծրագրեր իրականացնելու հեռանկարով.
«Յուրաքանչյուր Ամանորին հոգեպես ասես պատրաստվում եմ իմ կյանքում նոր էջ բացելուն։ Ես հավատում եմ, որ Ամանորի կախարդական գիշերը մեր պահած երազանքները իրականանալու են, մնում է, որ մենք էլ ջանք ու եռանդ չխնայենք դրանց իրականացման համար»,- նշեց նա։
Երգչուհին արդեն հստակեցված ծրագրեր ունի 2019-ի համար, և կատարել է առաջին քայլը.
«Օրեր անց կներկայացնեմ իմ նոր երգը, որի տեսահոլովակը կլինի գարնանը: Այն ակտիվ, պարային երգ է, որի խոսքերի և երաժշտության հեղինակն իմ շատ սիրելի ընկեր Վլադիմիր Պողոսյանն է: Հաշվի առնելով իմ հանդիսատեսի նախասիրությունները՝ երգի համար ընտրել եմ սիրային թեմատիկա: Չնայած սրան՝ չեմ խոստանում, որ ապագայում երգերս բացառապես այդ թեմայով կլինեն»,- պատմեց նա:
Այն հարցին՝ արդյո՞ք ներկայիս ակտիվությունը համապատասխանում է նաև Իրինայի ներաշխարհին, երգչուհին ասաց.
«Այո, այս ակտիվությունն ամբողջովին համապատասխանում է ներաշխարհիս:Ես այսօր հոգեպես պատրաստ եմ ստեղծագործելու, երգելու և կարճ ժամանակահատվածում նոր երգերով հանդես գալու իմ հանդիսատեսի համար»:
Նկատառմանը՝ հնարավո՞ր է, որ այս ամենն ինչ-որ առումով նաև կապված լինի Իրինայի անձնական կյանքի հետ, երգչուհին նշեց.
«Այս պահին հոգեպես պատրաստ չեմ անձնական կյանք ունենալու , ես հոգով ու սրտով նվիրվել եմ իմ աշխատանքին: Չեմ բացառում, որ հետագայում անձնական ունենալու դեպքում կբարձրաձայնեմ, քանի որ ես սիրում եմ անկեղծ լինել իմ հետևորդների և իմ երկրպագուների հետ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Իրինա Հարությունյանը: