ԽՍՀՄ պետական այրերի կանայք տարբեր էին՝ տնային տնտեսուհիներ ու ակտիվ գործիչներ, սիրող ու դավաճանություն ներող կանայք, հասարակ և ինտելիգենտ տիկնայք, բայց հաճախ իշխանության ղեկին գտնվող ու ամենաբարձրաստիճան աշխատասենյակներ մուտք գործող նրանց ամուսինները չէին կարողանում պաշտպանել իրենց կանանց բռնադատումների երկաթյա ճիրաններից։
- Բրոնիսլավա Սոլոմոնովնա Մետալիկովա-Պոսկրեբիշևա
Առաջնորդի ամենավստահելի մարդը՝ Ալեքսանդր Պոսկրեբիշևը, երկրորդ անգամ ամուսնացավ Բրոնիսլավայի հետ, երբ լրացավ նրա 24 տարին։ Նրա կինը՝ մասնագիտությամբ բժիշկ-էնդոկրինոլոգ Բրոնիսլավան, Տրոցկու հարսի քույրն էր։ Եղբոր՝ Միխայիլ Մետալիկովի հետ Փարիզում կոնֆերանսի ժամանակ զբոսնելիս հանդիպեցին Տրոցկու որդու՝ Լև Սեդովի հետ։ 5 տարի անց այդ ակնթարթային հանդիպումը Միխայիլի համար մահվան դատավճռի պատճառ դարձավ։ Պոսկրեբիշևին հաջողվեց կնոջը փրկել հատուկ ծառայությունների ճիրաններից, սակայն 1939թ. բարեկամները Բրոնիսլավային ստիպեցին Լուբյանկա գնալ եղբոր համար բարեխոսելու նպատակով։ Նա այլևս չվերադարձավ։
Ստալինի քարտուղարի հարցին, թե ուր է իր կինը, Բերիան պատասխանեց, թե նրան ավտոմեքենայով տուն են տարել։ Ստալինը խորհուրդ տվեց այլ կին գտնել։ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր տեղեկատվական կենտրոնում պահպանվող փաստաթղթերի վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ Բրոնիսլավա Սոլոմոնովնան բանտում է եղել մինչև 1941թ. մայիսը ու գնդակահարվել հոկտեմբերի 16-ին, երբ գերմանացիներն ընդհուպ մոտեցել էին Մոսկվային։
Ստալինի խորհրդով՝ Պոսկրեբիշևն ամուսնացավ Եկատերինա Զիմինայի հետ, ով իր վրա վերցրեց նրա կենցաղի ու Բրոնիսլավայի հետ ամուսնությունից ծնված 2 դուստրերի խնամքի հոգսերը։
- Կատերինա Կալինինա։
1938թ. հոկտեմբերի 25-ին Համամիութենական ավագի՝ Մ.Ի. Կալինինի կնոջը հրավիրեցին դերձակի մոտ, սակայն այնտեղ նրան սպասում էին ՆԿՎԴ-ի աշխատակիցները։ Այդ օրվանից կտտանքների ներքո իրեն հակախորհրդային գործունեություն ծավալելու մեջ մեղավոր ճանաչած Կատերինա Իոհանովնան 7 տարով կհայտնվի հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինյան ճամբարում։
Նրա ամուսինը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահը, հզորագույն երկրի ֆորմալ ղեկավարը, ոչինչ չկարողացավ անել իր կնոջ համար։ Միխայիլն ու Կատերինան ամուսնացել էին 1906թ.։ Ծագումով էստոնուհի լինելով՝ նա բավականին եռանդուն կին էր, կոմունիզմի գործին նվիրված։ 1924թ. նա ցուցմունք գրեց հարազատ եղբոր՝ Վլադիմիրի դեմ, ով այդ ժամանակ ղեկավար պաշտոն էր զբաղեցնում։
Ամուսնուց Կատերինան մի քանի անգամ հեռացավ. Մեկ՝ Կալինինի հարազատ գյուղ, մեկ՝ Ալթայի Չեմալ քաղաք։ Այնտեղ նա փորձեց ապրել պաշտոնական պայմանականություններից ու ավանդույթներից հեռու ազատ կյանքով։
«Ես Կրեմլում մարդ չէի,- գրում էր Կատերինան ամուսնուն,- ես կեղծ ֆիգուր էի այն հասարակությունում, որին ես պատկանում էի քո դիրքի պատճառով… Ինձ պետք չեն ոչ հարմարություններ, ոչ ավտոմեքենաներ, և ոչ էլ կեղծ պատիվներ»։
Նրա բացակայությամբ Միխայիլ Իվանովիչը սփոփանք էր գտնում բալետի պարուհիների ու իր տնտեսուհու գրկում։ Սակայն նա մեկնեց Ալթայ ու կնոջը համոզեց վերադառնալ մայրաքաղաք։
Կատերինան ողջ կյանքում աշխատեց։
Լինելով կիսագրագետ ջուլհակուհի՝ նա 1922թ. դարձավ կտորագործական ֆաբրիկայի ղեկավարի տեղակալ։ Ալթայում նա ղեկավարում էր Չեմալյան ՀԷԿ-ի ու Հանգստյան տան շինարարական աշխատանքները։
Մոսկվա վերադառնալով՝ 1936թ. Կատերինան նշանակվեց խորհրդատու, ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի անդամ։ Հենց այս ժամանակ վրա հասավ ճամբարներում զոհված եղբոր համար փոխհատուցման պահը։
Բանտում Կատերինային ուժեղ կտտանքների էին ենթարկում։ Պատահում էր, որ հարցաքննություններին նա ինքնուրույն չէր կարողանում ներկայանալ, նրան տանում էին։ Ոչ մի ապացույց, միայն ժողովրդի թշնամիների հետ կապեր ունենալու մեղադրանքներ։
ԽՍՀՄ ղեկավարի կինն «Ալժիրում» իր ազատազրկումն անցկացրեց մինչև 1945թ.։
Իմանալով հաղթանակի օրվա առթիվ հայտարարվող համաներման հրամանագրի մասին՝ մահացու հիվանդ Կալինինը Ստալինին խնդրեց ներել Կատերինային։ Վերջինիս դա ստորացուցիչ թվաց, բայց ճամբար եկավ քույրն ու սարսափելի գոռալով Կատերինայի վրա՝ նրան ստիպեց ստորագրել ներման մեղայական-խնդրանքը։
Կատերինա Կալինինան մահացավ 1960թ. 88 տարեկան հասակում։
- Պոլինա Սեմյոնովնա Ժեմչուգովա-Մոլոտովա
Պերլ Սեմյոնովնա Կարպովսկայան գեղեցկուհի չէր, բայց նրա էներգիան ու հմայքը կհերիքեր 7 հոգու։ 1918թ. ընդգրկվելով Կարմիր բանակի մեջ՝ նա դարձավ քաղաքական գործիչ, իսկ 1919թ. Կիևում անցավ ընդհատակյա աշխատանքի՝ Պոլինա Ժեմչուգովա կեղծանվամբ։ Հետագայում նա իր փաստաթղթերում հենց այդ անուն-ազգանունն ամրագրեց։ Խորհրդային ժողկոմխորհի ապագա նախագահը Պերլին տեսավ Պետրոգրադում խորհրդակցության ժամանակ։ Կնոջը հաջորդ օրը այցի գնալով՝ Մոլոտովը վերջինիս հրավիրեց Մոսկվա։ Նրանք ամուսնացան հաջորդ տարի։
Պոլինա Մոլոտովայի կարիերան հիշեցնում էր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսուհուն։
1931թ. նա դարձավ օծանելիքի ֆաբրիկայի ղեկավար։ Հենց նրան է պատկանում հանրահայտ «Красная Москва» օծանելիքի տուփի ֆիրմային փաթեթավորման գաղափարը։
1932թ. դառնում է ԽՍՀՄ առաջին կին նախարարը՝ Ռուսաստանի ԽՍՀ թեթև արդյունաբերության ոլորտի ղեկավարը։ Ամուսինը դեմ էր, բայց մի՞թե նա կարող էր առարկել Ստալինին։
Սակայն Կրեմլի տեսանկյունից մեկ թերություն Պոլինան, այնուամենայնիվ, ուներ. նա հրեա էր։ Պերլ Սեմյոնովնան անհրաժեշտ չէր համարում իր ծագումը թաքցնել։
Երբ նա Հոկտեմբերյան հեղափոխության 31-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպեց Իսրայելի դեսպան Գոլդա Մեյերին, նրան դիմեց եբրայերենով. «Ես հրեա ժողովրդի դուստրն եմ»։
Դա ձերբակալման և Կուստանայ հինգամյա աքսորի պատճառ դարձավ, ինչը այն ժամանակների համար մեղմ դատավճիռ էր համարվում։
Չհաշտվողները…
Ի տարբերություն իրենց կանանց դատապարտության տառապանքների հետ հաշտված ու դրանք ընդունած ամուսինների՝ կային նաև այնպիսիները, ովքեր ընդվզում էին դաժան որոշման դեմ։ Ահա անհնազանդների օրինակները՝ Կլիմենտ Վորոշիլով ու Նիկոլայ Եժով։
- Վորոշիլովի համար այլ կանայք գոյություն չունեին։ Գոլդա Գորբմանը, ով իր համար հրաժարվեց ընտանիքից ու ընդունեց Եկատերինա անունը, նրա համար միակն էր ու անկրկնելին։
Ականատեսների պատմածով՝ երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները եկան ձերբակալելու Վորոշիլովի կնոջը, մարշալը մի քանի անգամ կրակեց առաստաղին։ Ապշած բանակայինները նահանջեցին, իսկ Ստալինը, լսելով այդ մասին, միայն ասաց՝ սատանան նրա հետ։
- Նիկոլայ Եժովի ու Եվգենյա Ֆեյգենբերգի ամուսնությունը տարօրինակ ամուսնություն էր։ Եվգենյա Ֆեյգենբերգը շատ նշանավոր սիրեկաններ ուներ՝ Շոլոխով, Բաբել, Շմիդտ, իսկ Եժովն էլ անտարբեր չէր տղաների նկատմամբ, միևնույն ժամանակ՝ ուներ սիրուհիներ, որոնց ընդունում էր «օպերատիվ բնակարանում»։
Բայց երբ Ստալինը Եժովին հանձնարարեց ամուսնալուծվել, քանի որ կինը իր տարատեսակ կապերով ու հարաբերություններով ստվեր էր գցում ամուսնու կարիերայի վրա, նա հրաժարվեց։ 1939թ. Ստալինը ևս մեկ անգամ պնդեց ամուսնալուծվել Ֆեյգենբերգից։ Եժովն ամեն ինչ պատմեց կնոջը։ Նրանք որոշեցին չբաժանվել, բայց այդ րոպեից Ժենյա Ֆեյգենբերգը կորցրեց հանգիստը։ Անքնությունն ու նյարդային երևույթները նրան տանջեցին մինչև աշուն։ Նա անընդհատ վախի ու սարսափի մեջ էր ապրում, նամակներ էր գրում և Ստալինին, և ԽՄԿԿ կենտրոնական խորհուրդ, և մի անգամ հուսահատության պահին ինքնասպան եղավ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը