«Ակտիվանում են քաղաքացիներին վարկային միջնորդային ծառայություններ առաջարկող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք». Մանե Թանդիլյան
Advertisement 1000 x 90

«Ակտիվանում են քաղաքացիներին վարկային միջնորդային ծառայություններ առաջարկող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք». Մանե Թանդիլյան

ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած` «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում և փողոցում: Ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում, պարզվել է, որ նշված անձինք հիմնականում որևէ կերպ չեն համագործակցում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ միայն, ունենալով որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի: Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում և ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են ստացվող վարկի մինչև 25-30%-ը` արդյունքում քաղաքացիների համար էականորեն «թանկացնելով» վարկը: Ցավոք, քաղաքացիներից շատերն օգտվում են նշված անձանց ծառայություններից` անտեղի կարևորելով վարկ ստանալու գործընթացում նշված անձանց ազդեցությունը:

Ներկայումս այս գործընթացը չի կարգավորվում օրենսդրությամբ և ներկայացվում է որպես խորհրդատվական ծառայություն` հաճախ ուղեկցվելով նաև այլ ծառայությունների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ շրջանառության մեջ ենք դրել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր խնդրին լավագույն լուծում տալու նպատակով: Սրա ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նման ծառայությունների մատուցումը և պաշտպանել քաղաքացիներին ֆինանսական կառույցների հետ հարաբերվելիս` բացառելով քաղաքացիներից միջնորդության համար որևէ վճարի գանձումը»: