Առողջապահության փոխնախարարը հեծանիվի պատճառով ստիպված է եղել լքել սոցիալական ցանցերը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Առողջապահության փոխնախարարը հեծանիվի պատճառով ստիպված է եղել լքել սոցիալական ցանցերը. armtimes.com

ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ոլորտում իրականացվելիք հիմնական փոփոխությունները, որոնք ներառված են կառավարության ծրագրում:

Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ գործող կառավարության մասնավորապես առողջապահության ոլորտում որդեգրված քաղաքականությունը հիմնականում կրկնում կամ շարունակում է նախորդի սկզբունքները: Առողջապահության փոխնախարարն էլ նոր հորինած հեծանիվի մասին չէ, որ խոսեց: Թեպետ` իր հեծանիվի թեման ասուլիսում ոչ պակաս առանցքային տեղ ուներ:

Այսպես օրինակ, նախատեսվում է հաջորդ տարվանից սկսել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրում: Սա նշանակում է, որ այդուհետ պացիենտի հիվանդությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը լինելու է էլկտրոնային մեկ բազայում և ասենք մի բժշկից մյուսի մոտ գնալիս նա անհրաժեշտություն չի ունենալու իր հետ տանել նաև տարբեր հետազոտությունների արդյունքների թղթային տարբերակը, կամ եթե անգամ կորցրել է դրանք, միևնույն է, տեղեկատվությունը բազայում պահպանվելու է և այլն: Հայտնի է, սակայն, որ այսօր, որպես կանոն, բժիշկները չեն հիմնվում մեկ այլ բուժհաստատությունում վերցված անալիզի պատասխանի վրա, և պահանջում են նոր անալիզներ, հետևաբար էական էլ չի լինելու, թե ինչ տեղեկատվություն կա էլեկտրոնային բազայում: Փոխնախարար Սամվել Մարգարյանն ընդունում է, որ նման խնդիր գոյություն ունի, բայց և չի կարծում, թե դա նսեմացնում է ներդրվող ժամանակակից համակարգի կարևորությունը:

«Համաձայն եմ, որ ոչ մի էլեկտրոնային համակարգ այդ խնդիրը չի լուծի, բայց ասել` եկեք այդ երևույթի դեմ պայքարն ավարտենք, հետո նոր էլեկտրոնային համակարգ ներդնենք, կարծում եմ՝ ճիշտ չէ: Էլեկտրոնային համակարգը շատ ավելի մեծ օգուտներ ու բոնոսներ ունի, քան այդ երևույթի դեմ պայքարը: Այն իր լուրջ լուման է ունենալու համակարգի կայացման գործում»,- ասաց Սամվել Մարգարյանը: Նա նաև համամիտ է, որ առողջական խնդիր ունեցող մարդու համար, որն իր բուժման հոգսն ունի, երկրորդական են դառնում տեղեկատվության պահպանման կամ փոխանցման եղանակները, եթե նա գործնականում հանդիպում է բուժաշխատողների անբարյացակամ վերաբերմունքին, որոնք ամեն վայրկյան իրենից գումար են ակնկալում: Այս խնդրի լուծման բանալին, փոխնախարարի դիտարկմամբ, բուժաշխատողների համար արժանավայել աշխատավարձ ապահովելու մեջ է, բայց թե ինչ ճանապարհով, նա դեռ վերջնական պատասխան չունի:

Իսկ մինչ այդ ուղիները կգտնվեն, կառավարության ծրագրով նախատեսվում է ստեղծել բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ: Ըստ այդմ, կներդրվի բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրման և վեճերի լուծման երկաստիճան համակարգ: Առաջին մակարդակը կգործի բուժհաստատության ներսում, երկրորդը կլինի անկախ մարմին: Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործարկումը նախատեսվում է 2018 թվականից:

Մոտ ապագայում միջազգային փորձի հիման վրա կտեղայնացվի ու կներդրվի կլինիկական ուղեցույց և պացիենտի վարման գործելակարգ: «Արտասահմանում ցանկացած հիվանդություն բուժվում է, այսպես կոչված, պրոտոկոլով: Այսինքն` ցանկացած իրավիճակ ունի իր բուժման պրոտոկոլը և գործընթացը, գրվում է այն քայլերի հաջորդականությունը, որոնք ցանկացած հիվանդության կամ իրավիճակի դեպքում բժիշկը պետք է անի: Սա նույնպես բարձրացնում է բուժական պրոցեսի թափանցիկությունը: Մի կողմից, կոպիտ ասած, բժշկին զերծ է պահում սխալ քայլերից, մյուս կողմից նրա համար ճիշտ ուղեցույց է»,- մանրամասնեց նորանշանակ փոխնախարարը: Իսկ մի՞թե բժշկական համալսարաններում ապագա բժիշկները հենց դա չեն սովորում, թե որ հիվանդությունը քայլերի ինչ հաջորդականությամբ է հարկավոր բուժել:

«Բժշկությունը դինամիկ զարգացող ոլորտ է, յուրաքանչյուր հիվանդության ստանդարտներ օրեցօր փոխվում են, կան առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ստանդարտներ: Ժամանակի ընթացքում որոշ ուղղություններով հեղափոխական փոփոխություներ են լինում և անհրաժեշտ է, որ տարբեր սերունդների բժիշկները նույն կանոններով աշխատեն»,- պատասխանեց նա:

Որոշակի վերանայումներ են սպասվում նաև պետպատվերի բաշխման հարցում: Փոխնախարար Մարգարյանը նկատեց, որ պետությունն, ունենալով սահմանափակ հնարավորություններ, ստանձնում է բազմաթիվ ուղղություններով ծառայությունների փոխհատուցում, այսինքն` պետպատվերի տեղադրում: Ուստի հնարավոր է ծառայությունների այդ ցանկի կրճատում` նպատակ ունենալով ապահովել թեկուզ փոքրաքանակ, բայց լիարժեք բուժսպասարկում: Ի դեպ, առողջապահության ոլորտին հատկացված բյուջետային գումարները կազմում են մոտ 85 միլիարդ դրամ, որից 77 միլիարդը բաժին է հասնում պետական պատվերով գնվող ծառայություններին:

Ինչ վերաբերում է հեծանիվի թեմային, ապա Սամվել Մարգարյանն ասում էր, թե դրանով աշխատանքի գալով չի հետապնդել ինքնագովազդի նպատակ ու նաև չի ցանկանում օրինակ ծառայել ուրիշներին: Ավելին, նա նշեց, որ այդ քննարկումներն իրեն անհարմարություն են պատճառում, այնքան, որ նույնիսկ ստիպված է եղել լքել սոցիալական ցանցերը. «Ինձ համար չեմ ասում տհաճ, բայց այնքան էլ կոմֆորտնի չի, երբ որ իմ անձը քննարկում են: Ես սովոր եմ, որ իմ աշխատանքը քննարկեն: Ես կիսում եմ այն բոլոր մարդկանց կարծիքը, թե ժամանակավրեպ է, որ բոլոր պաշտոնյաները հեծանիվով գնան աշխատանքի: Մեր քաղաքում հեծանիվ քշելը ամենաանվտանգ գործողություններից մեկը չէ: Այնպես է ստացվել, որ ես ավելի արհեստավարժ եմ ու լավ եմ քշում: Դա իմ անձնական որոշումն է: Ես օրինակ ծառայելու միսիա չունեմ ու դա փիառ քայլ չէր: Ես ամենաշատն եմ ցավում, որ դա ինչ-որ ձևով հայտնվեց մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ ինձ ստիպեց հեռանալ սոցիալական ցանցերից»:



Նման նյութեր