Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի
Advertisement 1000 x 90

Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց փաստաբան Նազելի Վարդանյանը:

«Տարիներ առաջ դիմեցինք ՄԻԵԴ, 2016 թվականին սկսվեց կոմունիկացիան և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին: Ադրբեջանին առաջադրվեցին հարցեր կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ: Նաև հարց կա այն մասին, թե որն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ: Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք ստացել են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան: Ինչպես նաև հարց է եղել այն մասին, թե արդյոք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմել է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե այո, ապա ինչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»,-ասաց Նազելի Վարդանյանը:

Փաստաբանը նշեց, որ այժմ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, ակնկալվում է, որ այս տարի որոշում կլինի:

«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի: Եթե այդպես չլինի, ապա ճանապարհներ կան այլ դատարաններ դիմելու, դրա մասին պետք է մտածել: Այն, որ մենք հետևողական ենք, բոլորն էլ տեսնում են, պետք է գնալ առաջ»,- ասաց Նազելի Վարդանյանը:

ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը 15 տարի առաջ փետրվարի 19-ին սպանվեց դավադիր ադրբեջանցու՝ Ռամիլ Սաֆարովի կողմից: Թեպետ ոճրագործը հանցագործությունից անմիջապես հետո ձերբակալվեց՝ Հունգարիայում կանգնելով արդարադատության առաջ, այդուհանդերձ ադրբեջանական նավթադոլարները կարողացան անել իրենց «սև գործը» և գնել մարդասպանի ազատությունը:

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ` այդ թվում և ադրբեջանցին: Դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը` փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մուկուչյանին, ապա գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, առավոտյան կողմ կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը: «Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:

Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր` Հայկ Մուկուչյանը: Սաֆարովն արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին` ձայների վրա հավաքվածներին ասելով, որ, բացի հայի արյունից, իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր: «Ես արթնացել եմ առավոտյան ժամը 5-ի կողմերը դռան հարվածներից և աղմուկից, երբ Սաֆարովը ռուսերեն գոռգոռում էր, թե բոլոր հայերին սպանելու եմ»,- դեպքից հետո պատմել էր Մուկուչյանը:

Սպանությունից հետո բերման ենթարկված ադրբեջանցին նախնական ցուցմունքում ասել էր, թե իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէր, այլ ողջ հայ ազգի: Սակայն հետո վախկոտի նման հրաժարվել դրանից` փորձելով ներկայանալ իբրև անմեղսունակ և հոգեպես անհավասարակշիռ անձ` դատարանի պատիժը ինչ-որ կերպ մեղմելու համար:

2006 թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց` միաժամանակ նաև մայորի կոչում տալով:

Հունգարիայի իշխանությունների նման որոշումը խստորեն քննադատվեց միջազգային հանրության, տարբեր կառույցների, շատ երկրների դիվանագետների և խորհրդարանականների կողմից: Հունգարական կառավարությանն իրենց ցասումը հայտնեցին նաև հունգարացիները, որոնցից ոմանք սոցցանցերում գրում էին, որ այս արարքից հետո ամաչում են հունգարացի լինելու համար և ներողություն էին խնդրում հայ ժողովրդից: Այդուհանդերձ, Հունգարիայի ԱԳՆ և արդարադատության նախարարությունների տարածած հաղորդագրությունները, իսկ հետո նաև Սահմանադրական դատարանի ներողությունը ուշացած էին. մարդասպանը ոչ միայն ազատության մեջ էր, այլև հերոսացված` հայրենիքում: