3 ամսում Արցախում 152 ՄՌՏ հետազոտություն է անցկացվել
Advertisement 1000 x 90

3 ամսում Արցախում 152 ՄՌՏ հետազոտություն է անցկացվել

Արդեն 3 ամիս է Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գործում է գերժամանակակից մագնիսառեզոնանսային շերտագրիչը: 2018 թվականի դեկտեմբերից առ այսօր մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի միջոցով 137 անձի կատարվել է 152 հետազոտություն:

Ինչպես տեղեկացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը, այն աշխարհահռչակ «General Electric» ընկերության Signa Creator, 1,5 տեսլա հզորությամբ, նոր սերնդի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորում է, որը հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:

Մագնիսառեզոնանսային շերտագրիչը անվնաս է և չունի ռենտգեն ճառագայթային բեռնվածություն, հետազոտման համար օգտագործվում են իմպուլսներ, որոնք թույլ են տալիս հետազոտությունը դարձնել թիրախային՝ կոնկրետ նշված հատվածով և մաքսիմալ ինֆորմատիվ:

Signa Creator մագնիսառեզոնանսային շերտագրիչը անփոխարինելի է գլխուղեղի, ողնուղեղի, փափուկ հյուսվածքների, որովայնի, փոքր կոնքի օրգանների և հոդերի ուսումնասիրման ժամանակ:

Ներդնելով մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը, սահմանվել է հետազոտության արժեքը առանց կոնտրաստ նյութի 50 000 դրամ՝ մեկ հատվածի համար, կոնտրաստ նյութով 75 000 դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ հատվածի համար՝ 25 000 դրամ, ընդ որում հետազոտությունը իրականացվում է պլանային կարգով՝ բոլոր ԱՀ քաղաքացիներին անկախ սոցիալական պատկանելությունից համավճարի սկզբունքով, գործող գնացուցակի 50% քաղաքացու կողմից վճարովի և 50% պետական պատվեր հարաբերակցությամբ։

Մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդրումը կարևորագույն քայլ է ԱՀ առողջապահության ոլորտում, որը ի թիվս վերջին նորամուծությունների համարվում է համակարգի ձեռքբերումներից մեկը: Այն հնարավորություն կտա կատարել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Արցախի Հանրապետությունում:

news.am